«Ինչու սահմանի վրա չեն զոհվում հարուստների երեխաները» հարցը հուզում է շատերին։ Ոմանք փորձում են պատասխանել այս հարցին, ոմանք էլ տականքավարի շահարկում են այս հարցը, իսկ ես ուզում եմ՝ նախ հասկանանք հարցադրումը, հետո այդ հարցադրման վրա ազդող գործոնները։

Նախ, սկսենք նրանից, որ ապուշ հարցադրում է ու առնվազն ոչ կոռեկտ։ Ինձ համար հավասարապես ցավալի կլինի դիրքապահ զինվորի մահը՝ անկախ նրա սոցիալական կարգավիճակից։ Ի՞նչ է, մարդը կրա՞կն է ընկել, որ ինքը բարեկեցիկ ընտանիքից է։

Երկրորդը՝ ի՞նչ ասել է հարուստ, ու ի՞նչ ասել է անապահով։ Ասենք՝ ի՞նչ թվային սանդղակից սկսած է որոշվում այս կամ այն զինծառայողի հարուստ կամ աղքատ լինելը։ Տարեկան 10,000 դոլար ընտանեկան բյուջե ունեցող ընտանիքը հարո՞ւստ է, թե՞, ասենք, 1 միլիոն դոլար ունեցողն է հարուստ։ Երկրորդ՝ արդյո՞ք նման պնդումներ անողներն արել են զոհվողների մոնիտորինգ ու պարզել են, որ ԲՈԼՈՐՆ անապահով ընտանիքներից են։ Ու կրկին, ի՞նչ ասել է անապահով, դա ի՞նչ թվային արտահայտում ունի։

Անձամբ ես եթե սառը գլխով եմ դատում, ապա պատկերը տեսնում եմ հետևյալ կերպ.

1․ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հարուստ չէ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ազգաբնակչության 40 տոկոսն ապրում է աղքատության շեմից այս կողմ։ Երևի մի էդքան էլ ապրում է հենց աղքատության շեմին։ Կա մի 10-15 տոկոս իբր միջին խավ, որը ո՛չ հարուստ է, ո՛չ էլ աղքատ։ Ու կա առավելագույնը մի 5 տոկոս, որը հարուստ ու մեծահարուստ է։ Մի կողմ դնենք պատճառները հարստության նման բաշխման ու ընդունենք, որ բաժանումն այսպիսին է. 40%-40%-15%-5%: Նշանակում է, որ նույնիսկ ամենաիդեալական ու արդար զորակոչի դեպքում զորակոչվողների առավելագույնը 5 տոկոսը կարող է լինել հարուստի երեխա, այսինքն՝ 20-ից մեկը։ Հիմա նույնիսկ ամենապարզ հավանականության տեսությամբ կարելի է հաշվել, որ, բնականաբար, հարուստի երեխեն ավելի քիչ հավանականությամբ կլինի զոհվողների մեջ, քանի որ շատ ավելի քիչ պատահույթներ են հնարավոր 5 տոկոսի պարագայում, քան 80+15 տոկոսի պարագայում։

2․ Մենք գիտենք, որ մեզ մոտ ոչինչ իդեալական չի, ու թեև դրական տեղաշարժեր զորակոչի ու զինծառայողների բաշխման հարցում անկասկած գրանցել ենք վերջին տարիներին, չի կարելի ասել, որ բոլոր հարուստների բոլոր զորակոչային տարիքի տղաները գնում են բանակ։ Ոմանք գնում են արտասահման սովորելու ու հետ չեն գալիս։ Ոմանք պարզապես կամիսավատ են լինում։ Ոմանք օբյեկտիվորեն խնդիրներ են ունենում ու ազատվում են ծառայությունից։ Այսինքն, վերոնշյալ 5 տոկոսն էլ չի կազմվում, ու ընդհանուր թվի մեջ հարուստների երեխաների տեսակարար կշիռն էլ ավելի քիչ է։

3․ Անգամ նրանք, ովքեր զորակոչվում են բանակ, դեռ չի նշանակում, որ անպայմանորեն դիրքեր են պահելու։ Անգամ եթե ենթադրենք, որ վիճակագրությամբ նրանք ընկնում են սահմանապահ զորամաս, դա դեռ չի նշանակում, որ անպայման դիրքապահ ծառայություն են իրականացնելու։ Նույնիսկ առանց որևէ կոռուպցիոոն մեխանիզմների ու միջամտությունների՝ այդ չարաբաստիկ հարուստ երեխան կարող է հայտնվել զորամասի հրետանային, զրահատանկային, ՀՕՊ և այլ միավորումներում, որոնք ապրիորի առաջին գիծ չեն պահում։ Սրան գումարեք նաև այն, որ, այնուամենայնիվ, պետք է լինենք ռեալիստ ու հասկանանք, որ առնվազն որոշ դեպքերում ԽԾԲ-ով ու գումարով այնպես են անում, որ նրանք հենց այդպիսի ստորաբաժանման մեջ էլ հայտնվեն։ Սա էլ ավելի քչացրեց ընդհանուր տեսակարար կշիռը։

Հիմա, միավորելով էս բոլոր մոտավոր ցուցանիշները, կարծում եմ՝ հասկանում ենք, որ մի շարք խիստ օբյեկտիվ, ինչպես նաև սուբյեկտիվ գործոնների պատճառով մեր բանակում հարուստների երեխաների թիվը չի կարող գերազանցել (ենթադրաբար) 1 տոկոսը։ Կրկնում եմ՝ խիստ օբյեկտիվ հանգամանքներով էլ, սուբյեկտիվներով էլ։ Ու կա հավանակնության տեսություն, որով 100-ից 1-ը հանդիսացող զինվորը, բնականաբար, 99 անգամ ավելի փոքր հավականանությամբ կդառնա թշնամու գնդակի զոհ։

Հուսով եմ՝ այսքան ծամած-պարզեցված բացատրությունից հետո գոնե այսքան ընթերցողների համար էլ ակտուալ չի լինի այն հիմար հարցը, թե ինչու հարուստների երեխաները չեն զոհվում դիրքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել