ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի  օրակարգում տեղ գտած հակահայկական երկու փաստաթղթերից անգլիացի ադրբեջանամետ նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը ԵԽ ԽՎ երեկվա լիագումար նիստում չընդունվեց՝ ձայների 66 «կողմ», 70 «դեմ», 45 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:
Սա իսկապես կարելի է գրանցել Հայաստանի դիվանագիտական կորպուսի, ԵԽ ԽՎ-ում մեր երկրի պատվիրակության ամբողջ կազմի, պետական մի շարք գործիչների, Սփյուռքի կառույցների ակտիվում: Ակնհայտորեն մեծ ազդեցություն ունեցել էր նաև Մինսկի խմբի համանախագահների, այսպես ասենք՝ նման բանաձևի ընդունումից խուսափելու կոչը:
Իսկ ահա բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի նմանապես ադրբեջանական նավթադոլարներով շարադրված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևի նախագիծը, ճիշտ է, մի շարք փոփոխություններով, այնուամենայնիվ, ընդունվեց՝ 98 «կողմ», 71 «դեմ», 40 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:
Դժվար չէ, ի դեպ, նկատել, որ գրեթե մեկը մյուսի հետևից քվեարկության դրված նախագծերի «ձայնային» տատանումներում «դեմ» և «ձեռնպահ» քվեարկածների թվերը գրեթե նույնն են: Այս երկրորդ հակահայկական նախագծի դեպքում «կողմ»-երի կտրուկ, ավելի քան երեք տասնյակով ավելացումն է ուշադրություն գրավում:
Այնպիսի տպավորություն է, որ ԵԽ ԽՎ ադրբեջանամետ պատգամավորների ներհոսք է եղել երկրորդ քվեարկության ժամանակ, կամ էլ՝ մի քանի տասնյակ պատգամավորների հաջողվել է համոզել, որ առնվազն չմասնակցեն Ուոլթերի խայտառակ զեկույցի քվեարկությանը, բայց ոչ՝ դրանից ավելին:
Քննարկման փուլում եղան ինչպես ընդգծված ադրբեջանամետ, այնպես էլ հնարավորինս զուսպ ելույթներ:
Մասնավորապես Հայաստանի հարցով նախկին համազեկուցող, գերմանացի պատգամավոր Աքսել Ֆիշերը, որը հանդես եկավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից, նկատեց, որ քննարկման դրված երկու զեկույցներն էլ խոչընդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:
Սկզբունքորեն մեզ ձեռնտու դիրքերից հանդես եկավ նաև ԵԽ ԽՎ-ում Պահպանողականների խմբի պատգամավոր Ջոն Հաուերը, որը միաժամանակ հակադարձեց նաև երկրորդ հակահայկական զեկույցի հեղինակ Մ.Մարկովիչի՝ ԵԱՀԿ ՄԽ գործունեության անարդյունավետության վերաբերյալ ակնարկներին:
Ջ.Հաուերը մասնավորապես ընդգծեց. «Ես գիտակցորեն եմ մոտենում այն հայտարարությանը, որ ասվում է, թե ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը վերջին քսան տարիներին դանդաղ է գրանցվում: Բայց եկեք չմոռանանք, որ Մինսկի խումբը գրանցել է նաև հաջողություններ: Հենց Մինսկի խմբի շրջանակներում է, որ պետք է հնարավորություն տրվի լուծել հարցը, Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակելու գործընթացը: Մենք այստեղ չենք հավաքվել, որ կասկածենք՝ ինչու է ստեղծվել Մինսկի խումբը, կամ ինչպես պետք է լուծեն կողմերը հակամարտությունը»:
Երեկ բավական հստակ դիրքորոշում ներկայացրեց Եվրոպայի Միացյալ ձախերի խումբը, որի ներկայացուցիչ Լոտտա Յոհանսոնը հայտարարեց, որ չեն կարող պաշտպանել միակողմանի բանաձևերից որևէ մեկը, քանի որ դրանք Հայաստանին բացասաբար են ներկայացնում և, հակառակը, գովաբանում են Ադրբեջանին, ու այդ ամենն արվում է շատ կողմնակալ ձևով:
ԵԽ ԽՎ-ում երեկ բավական սուր ելույթ ունեցավ նաև Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նա մասնավորապես հայտարարեց. «Ներկայացվող զեկույցի համաձայն՝ միակ մեղավորը Հայաստանն է, իսկ Ադրբեջանը խաղաղարար է ներկայացվում: Սա ցինիզմ է: Ակնհայտ ցինիզմ: Սա աննախադեպ երևույթ է ԵԽ ԽՎ-ում:
Այս զեկույցի հեղինակը (Ուոլթերը) շարունակում է Ադրբեջանի քարոզչությունը: Այս զեկույցներով ԵԽ ԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչն անթույլատրելի է, քանի որ հակամարտության լուծման միակ ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:
Նա նաև կոնկրետ օրինակներով ներկայացրեց դիտարկվող զեկույցների կողմնակալությունը՝ հայտարարելով, որ դրանց հեղինակների գործունեությունը ստվեր է նետում ԵԽ ԽՎ-ի՝ որպես մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական ինստիտուտի վրա: Բավական տպավորիչ էր Ա.Ռուստամյանի սթափեցնող կոչը՝ «Մենք ձեզ հետ միասին Ադրբեջանի Մեջլիսում չենք նստած»:
Հավելենք, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչն էլ ելույթ ունեցավ, ինչից հետո ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ընդհատեց ելույթները, և պատգամավորներն անցան քվեարկության:
Երեկ Հայաստանի պատվիրակությունը նաև հանդես եկավ հայտարարությամբ, որում ներկայացված է կատարված համատեղ աշխատանքը, տրված է բանաձևերի բնութագիրը, ու մասնավորապես նաև ասված է. «...Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձևը:
Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձևին. ԵԽ ԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսևորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն:
Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԽ ԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձևերի քվեարկության ժամանակ և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ ԼՂ կարգավորման համար վտանգավոր զեկույցը»:
Մեր կողմից հավելենք, որ ամեն պարագայում երկու զեկույցներից մեկի տապալումը շատ բանի մասին է վկայում: Ամենից առաջ նրա, որ ինչքան էլ խոսվի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մասին, Բաքվի նավթադոլարներն ամենազորեղ ու վերջին «փաստարկը» չեն այս հարցում, և այդ գործոններին էլ կարելի է դիմակայել և հասնել արդյունքի:
Սա նաև ցույց է տալիս, որ երբ մեկտեղվում են ամբողջ պատվիրակության, դիվանագիտական կորպուսի, Սփյուռքի ջանքերը, նաև՝ մեր օտարերկրացի բարեկամների հնարավորությունները, ապա կարելի է արդյունք ունենալ:
Ամենակարևորը. այս ամենից հետևում է, որ այսուհետ հարձակվողի դերում պետք է լինի հենց Հայաստանի պատվիրակությունը՝ քննարկման, ԵԽ ԽՎ օրակարգի հարց դարձնելով ադրբեջանական կողմի ցանկացած ելուզակություն, ամեն մի հակահայկական դրսևորում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել