24 առաջ այս օրը Քարին տակում կայացավ ռազմական առումով անհավանական գործողություն: Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թվականի հունվարի 26-ը ամրագրվեց որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից եւ խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանեց ‹‹արյունոտ հունվար››, իսկ Քարին տակը՝ ‹‹արյունոտ ձոր››
Քարին տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Շուշիի կիրճում՝ Կարկառ գետի ձախ ափին է ծվարած արծվաբույն Քարին տակը: Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ այս հայկական գյուղն 90-ական թվականներին իսկական պատուհաս էր դարձել ազերիների համար:
Ազերիները բազմաթիվ սադրանքների էին դիմել իր սար ու քարին կառչած քարինտակցուն տեղահանելու համար: 1992թ. հունվարի 26-ին ազերիները, գյուղը չորս կողմից շրջապատելով, ցանկանում են բնաջնջել իրենց ամենից շատ անհանգստացնող քարինտակցիներին: Քարինտակցիները մեկ մարդու պես ոտքի են կանգնում: Մեծ ու փոքր, մահն աչքների առաջ, անհավասար մարտի են ելնում ադրբեջանական ոհմակի դեմ եւ ութժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս գալիս:
Շուշիից գլորվող քարե հեղեղն ու վառվող անվադողերը ոչ թե վախեցրել եւ խուճապի են մատնել քարինտակցիներին, այլ ինքնապաշտպանական ջոկատ եւ պաշտպանական դիրքեր ստեղծելու մտահղացման պատճառ են դառձել:
Արդյունքում՝ 1989թ. ստեղծվել է Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատը, որի հրամանատար է նշանակվել Վ. Առուշանյանը: Գյուղը մինչ 1992թվականի հունվարյան հայտնի դեպքերը պարբերաբար ստուգումների է ենթարկվել խորհրդային բանակի զինվորների, հետագայում նաեւ օմոնականների կողմից՝ նպատակ ունենալով զինաթափել գյուղը, մինչդեռ գյուղացիները վարպետորեն կարողացել են թաքցնել տարբեր միջոցներով ձեռք բերված որսորդական, ինքնաշեն հրացանները, նռնակներն ու ինքնաձիգները:
Գյուղի բնակիչները շատ լավ են հիշում հունվարյան այս օրը. 1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Քարին տակ գյուղում իրադրությունն անհանգիստ էր: Շուշիի սարահարթից հակառակորդն անցել էր նախադեպը չունեցող հարձակման:
1992թ. հունվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհթիեւի անմիջական ղեկավարությամբ մշակվում է մարտական գործողությունների պլան, համաձայն որի` հաշված ժամերի ընթացքում պլանավորվում է հայաթափել գյուղը: Հակառակորդը, մինչեւ ատամները զինված երկու կանոնավոր գումարտակով՝ մոտ 600 զինվոր, սկսում է ռմբակոծել Քարին տակը:
Ինչպես փաստում են Քարին տակի ինքնապաշտպանության կազմակերպիչները, գյուղում այդ ժամանակ եղել է 40 ինքնաձիգ, մեկ նշանառու հրացան, մեկ գնդացիր, մեկ նռնականետ եւ որսորդական հրացաններ: Հակառակորդը գյուղի վրա գրոհել է բոլոր ուղղություններով: Օրհասական պահին Քարին տակին օգնության են հասել Շոշի, Սղնախի, Սզնեքի, Ավետարանոցի, Կարմիր գյուղի եւ Քռասնու ջոկատները: Ջոկատները գյուղ են հասել կեսօրից հետո, եւ հակառակորդի հետ մարտում տվել են 7 զոհ: Այդ օրը Քարին տակին մեկ դասակով օգնության է հասել նաեւ Աշոտ- Բեկորը: Շուրջ 12 ժամ տեւած կենաց եւ մահու կռիվ է ընթացել:
Հակառակորդը, գյուղի մատուցներում թողնելով 150-ից ավելի զոհ եւ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, դիմել է փախուստի: Հայկական կողմը նույնպես զոհեր եւ վիրավորներ է ունեցել այդ օրը: Զոհեր են եղել նաեւ խաղաղ բնակիչներից, ովքեր մինչեւ վերջ գտնվելով գյուղում` օգնել են մեր տղաներին: Արցախյան ազատամարտի տարբեր ռազմագործողություներում իրենց կյանքն են զոհել 45-ից ավելի քարինտակցիներ:
1992թ. հունվարի 26-ի մարտերից հետո ազերիները Քարին տակն անվանում են ‹‹արյունոտ ձոր››: Արցախյան տարեգրության մեջ հունվարի 26-ը կոչվեց Քարին տակի հերոսամարտ: Քարին տակի հերոսամարտում զոհվել է գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, Գերագույն խորհրդի պատգամավոր Վ. Առուշանյանը: Մեծ է Քարին տակի ռազմաքաղաքական նշանակությունը: Այստեղ ջարդվեցին հակառակորդի բազմաքանակ ուժերը, սարսափով լցվեցին Շուշիում բնավորված ազերիների սրտերը: Քարին տակը մնաց անսասան հենակետ` Շուշիի թշնամական որջը հարվածելու եւ 92 թվականի մայիսին պատմական Շուշին ազատագրելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել