Մեր կառավարության հերթական «հանճարեղ» նորամուծությունը դարձյալ ծանր խնդրի առաջ է կանգնեցրել հայրենի վարորդներին: Բանն այն է, որ մեքենաների տեխնիկական զննման կտրոնները վարորդներին արդեն տրամադրում են առևտրային բանկերը, որից հետո նոր այդ կտրոնով վարորդը ներկայանում է տեխզննման կետ: Բայց դեկտեմբեր ամսվա ընթացքում բանկերի կողմից կտրոնների տրամադրումը խիստ դժվարացել էր: Կտրոնները տրամադրում էին ընդհատումներով, պատճառաբանությունն էլ՝ ստանդարտ. «Կտրոն չունենք»: Վարորդն էլ, բանուգործը թողած, ստիպված էր լինում դեգերելու բոլոր բանկերով, մինչև մի տեղ կարողանար գտնել այդ «բաղձալի» կտրոնը: Իհարկե, 21 առևտրային բանկերից ոչ բոլորն են այդ ծառայությունը մատուցում, ինչի մասին վարորդը միայն բանկ այցելելուց հետո է իմանում: Դժվար չի գուշակել, որ այս առիթից կօգտվեին ճարպիկ ու հավելյալ գումար առնելուն սովոր տեխզննման կետերի աշխատակիցները, ինչն էլ մեր դեպքում տեղի ունեցավ, որոնք այդ անվճար կտրոնները վարորդներին վաճառում էին 5000 դրամով: Բայց այս օրերին նրանց մոտ էլ է վերջացել կտրոնները, իսկ բանկերն էլ այլևս կտրականապես են մերժում կտրոնների տրամադրումը՝ բացատրելով, որ իրենց մոտ իսպառ բացակայում են դրանք և ոչ մի տեղ գոյություն չունեն, ավելի լավ է՝ իզուր չփնտրեն:

Ի՞նչ լուծում են առաջարկում բանկերն այս հարցում: Ասում են՝ եկեք 2013թ. հունվարի 8-ին և կստանաք կտրոնը, բայց այդ դեպքում վարորդը, երբ այդ կտրոնով ներկայանա տեխզննման կետ, պետք է պարտադիր մուծած լինի նաև 2013թ. մեքենայի գույքահարկը, քանի որ առանց այդ մուծման կտրոնի տեխզննում չի կարող անցնել: Ի՞նչ է ստացվում. մինչև 2013թ. հունվարի 8-ը վարորդները կարող են տուգանվել պետավտոտեսչության կողմից տեխզննման կտրոնի բացակայության համար, իսկ դրանից բացի, ստիպված են լինելու տարվա սկզբին մուծել մեքենայի գույքահարկը, երբ այդ գումարը կարող էին մուծել 2013-ի վերջում: Առավել ևս, որ 2012-ի գույքահարկը մուծել են դեկտեմբերին, որպեսզի իրավունք ստանան տեխզննում անցնելու, բայց կտրոնը չեն ստացել ու մի քանի օր հետո ստիպված են լինելու նոր մուծում կատարել՝ այն էլ այս նախատոնական ծախսերի ու հետտոնական սնանկացման ֆոնի վրա:

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունն այս խնդրի վրա և հարցը կարգավորելու նպատակով ակնկալում համապատասխան լուծումներ: Նախ՝ դիմում ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի առևտրային բանկերի միջոցով կարգավորի այս խնդիրը մինչև տարեվերջ, իսկ դրա անհնարինության դեպքում համապատասխան հրահանգ իջեցվի ՀՀ ոստիկանությանը, որպեսզի իրենց մեղքով առաջացած դժվարության համար տույժի չենթարկեն օրինապաշտ մեր քաղաքացիներին: Եվ եթե հնարավորություն կա, ապա հունվարին տեխզննում կարողանան անցնել 2013-ի գույքահարկը տարաժամկետ մուծելու պայմանով կամ էլ մինչև տարեվերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել