2012 թվականի էս օրերն էին։ ԲլոգՆյուզը նոր-նոր էր գործարկվել։ Ես դեռ ակտիվորեն վարում էի իմ անձնական բլոգը։ Ֆեյսբուքն ավելի սակավամարդ էր ու առավելապես լատինատառ, իսկ հայատառ գրառումներն առավելապես բլոգերում կարելի էր գտնել։ Բայց հետաքրքիր էր, որովհետև դեռ ամեն ինչ նոր էր։ Նոր էր ընթերցողի համար, նոր էր շատ բլոգերների համար։

Հետո սկսվեց բլոգերների մեծ տեղաշարժը դեպի ֆեյսբուք։ Ֆեյսբուքը շատ արագ հայաֆիկացվեց ու աստիճանաբար ջնջեց այն պայմանական սահմանը, որը բաժանում էր ֆեյսբուքյան օգտատերին ու բլոգերին։ Հանկարծակի հայտնվեցին տասնյակ ու հարյուրավոր ֆեյսբուքյան օգտատերեր, ովքեր, ըստ էության, բլոգերություն էին անում՝ ստատուսներ գրելով։ Էլ ավելի շատ օգտատերեր էլ ստատուսներ չէին գրում, բայց ակտիվորեն մասնակցում էին ստատուսների տակի քննարկումներին։ Սա մի յուրահատուկ ու հետաքրքիր միջավայր էր, որտեղ կար կարծիքների սուր բախում, որտեղ կար ագրեսիա ու բարություն, որտեղ կար բանականություն ու տրամաբանություն, որոնք ձեռք-ձեռքի էին գնում հիմարության ու ոչ ադեկվատության հետ։

Բայց այս եդեմական մթնոլորտը պահպանվեց շատ կարճ, իսկ «մասսայի» ներհոսքը չէր դադարում՝ աստիճանաբար նվազեցնելով ադեկվատ ու խելացի մարդկանց տեսակարար կշիռն ընդհանուր քանակի մեջ։ 2016 փետրվարին ունենք հետևյալ գաղջ ու անմխիթար պատկերը. ֆեյսբուքը մահանում է ու կորցնում է իր գրավչությունը։

Հները կամ էլ չեն գրում, կամ էլ պասիվացել են։ Շատերը գրելիս էլ գրում են անատամ, որ հանկարծ քոմմենթչիները վրա չտան ու իրենց հիստերիկ էշություններով զահլա չտանեն։ Իսկ այ հիստերիկ էշություններ գրողների պակաս հաստատ չկա։ Չկա նաև պակաս կյանքում ամեն բանից բեխաբար «փորձագետների», ֆրիգիդնիության ծանր ստադիայով իձիոտեքի ու նույնիսկ իձիոտների, ովքեր ֆեյսբուքով են կարողանում սուբլիմացնել իրենց ներքին խնդիրները, թեմատիկ գրագիտությամբ ու կոմպետենտությամբ չծանրաբեռնված դմբոների, ովքեր, անգամ գաղափար չունենալով քննարկվող թեմայից, կարող են լեկցիաներ կարդալ դրա շուրջ և այլն...

Ֆեյսբուքն էլ այն չի ու գնալով ինքն ավելի տխուր, նյարդայնացնող և որ ամենացավալին է՝ նոր բան չտվող մի հատ կաշայատիպ զանգվածի ա վերացվում, որից վատ ձայներ ու հոտեր են գալիս։ Չգիտեմ, թե ինչու է այդպես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել