Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։
Սաղմոսում գրված է. «Հավատացի. ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։ Այս բոլորը լինում է ձեզ համար, որպեսզի փրկության շնորհն ավելի ու ավելի տարածվի մարդկանց վրա, և գոհաբանական աղոթքներն առատանան Աստծու փառքի համար։
Ուստի չենք թուլանում բնավ։ Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր։ Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականության վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները՝ հավիտենական։

Արդարև, գիտենք, որ այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, և որի մեջ ենք
բնակվում, քայքայվելու է. բայց երկնքում, իբրև տուն, ունենք Աստծու կողմից պատրաստված անձեռագործ և հավիտենական մի մարմին։ Այնքան ժամանակ, որ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք երկնային մարմինը հագնելու փափագով։ Միայն թե չլինի այնպես, որ երբ այս մարմնից մերկանանք, մնանք առանց մարմնի։ Այո՛, այնքան ժամանակ, քանի դեռ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք՝ ասես ինչ-որ բեռան տակ ճնշված. ոչ թե նրա համար, որ ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայի՛նը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը սուզվի կյանքի մեջ։ Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպումին, նա, որ իր Հոգին է տվել մեզ որպես գրավական։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:10-5:5)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել