Ադրբեջանի իշխանությունը որոշել է Նախիջեւանում ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն: Ավելի վաղ Նախիջեւանում ստեղծվել էր հատուկ համազորային բանակ: Այս բանակին մասնագիտական աջակցության համար Թուրքիան զինվորականներ է ուղարկել Նախիջեւան:

Նախիջեւանն ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում, որի կարգավիճակը երաշխավորվում է 90 տարի առաջ կնքված Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ համաձայնագրով: Նախիջեւանը յուրահատուկ անկլավ է, իսկական տարածաշրջանային «խցան», եւ այս առումով նրա դերը ներկայիս զարգացումներում բավական ուշագրավ է դառնում:

Ըստ ամենայնի, Բաքվի որոշումները միտված են Նախիջեւանն այդ դերին պատրաստելուն:

Խնդիրը կարելի է դիտարկել Ադրբեջանի ներքին ու արտաքին որոշակի իրողությունների տեսանկյունից:

Ադրբեջանում ներկայում բարդ քաղաքական ու տնտեսական իրավիճակ է: Տեղի են ունենում բողոքի ցույցեր, սկսվել է ներքաղաքական դաժան պայքար: Ալիեւը ամբողջովին փոխեց ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմը, ունեզրկեց մի քանի խոշոր գործարարների, ձերբակալվեցին բարձրաստիճան զինվորականներ: Նա թերեւս փորձում է վերացնել այն հավանական վտանգները, որոնք կարող են սպառնալ իր իշխանությանը:

Նախիջեւանն Ալիեւների կլանի հայրենիքն է եւ «մեկնարկային կետը»: Ալիեւի հայրը՝ Հեյդար Ալիեւը, ԽՍՀՄ փլուզումից հետո վերադարձավ Նախիջեւան եւ այնտեղից երկրորդ անգամ վերցրեց իշխանությունն Ադրբեջանում: Ի դեպ, այդ գործում զգալի դեր խաղացին նաեւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները, եւ հայկական բանակի հարվածներից փլուզման եզրին հասած Ադրբեջանում կրկին իշխանության եկավ Ալիեւների կլանը:

Չի բացառվում, որ Իլհամ Ալիեւը նույնպես Նախիջեւանը պահում է որպես «պահեստային» տարբերակ, եթե Ադրբեջանում իրավիճակը հասնի նրա իշխանազրկմանը:

Մյուս կարեւոր հանգամանքը Իրանի պատժամիջոցների վերացումն է եւ նրա վերադարձը միջազգային ասպարեզ՝ լիարժեք խաղացողի կարգավիճակում: Իրանի բացումն ակնհայտորեն հակասում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, որոնց արժեքը միջազգային ասպարեզում կարող է նշանակալի նվազել թե աշխարհքաղաքական, թե տնտեսական առումով: Իրանի բացումը որոշակի առումով ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանին, քանի որ կապանքներից ազատված Իրանն արդեն այլընտրանքի խնդիր չունի, այդ թվում ռազմական ու սպառազինության հարցերում:

Չի բացառվում, որ այս երեք երկրները կփորձեն խոչընդոտել Իրանի ակտիվությունը մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, որն արդեն հարյուր տարի գտնվում է ռուս-թուրքական «ստատուս քվոյի» պայմաններում: Այս տեսակետից Նախիջեւանը, որտեղով անցնում է մասնավորապես Հայաստանը Իրանին կապող երկաթուղին, կարող է զգալի դեր խաղալ այս գործընթացում:

Նախիջեւանում ստեղծվող առանձին բանակն ու արտաքին հետախուզությունը կարող են ուղղված լինել այս խնդիրների իրականացմանը: Ակնհայտ է, որ այդ կառույցներում զգալի է լինելու Թուրքիայի ներկայությունը, հաշվի առնելով, որ Նախիջեւանի սահմանին վերջին շրջանում ակտիվացել են քրդական կազմավորումների ու թուրքական ուժերի բախումները:

Ըստ ամենայնի, Նախիջեւանի համար աշխարհքաղաքական ազդեցության պայքարը կուժեղանա, նկատի առնելով նոր իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նախիջեւանը կարող է դառնալ պլացդարմ՝ Իրանի ու նաեւ Հայաստանի «զսպման» համար:

Հայաստանի ու Նախիջեւանի սահմանին Արցախյան պատերազմից ի վեր գրեթե լարվածություն չի եղել: Սակայն նախորդ երկու տարիներին գրանցվեցին առանձին միջադեպեր, որից հետո հայկական կողմը գործողություն իրականացրեց այդ հատվածում՝ դուրս գալով նախընտրելի դիրքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել