Հունվարի 19-ին ԱՄՆ «Կարնեգի» հիմնադրամի եվրոպական մասնաճյուղի փորձագետ Թոմաս դե Վաալն Ադրբեջանի վերաբերյալ բավական ծավալուն հրապարկմամբ է հանդես եկել: Լինելով մեր տարածաշրջանի գծով մասնագետ՝ դե Վաալը նման խիստ որակումներով ու գնահատականներով նյութ կարծես առաջին անգամ է հրապարակում:

Վելուծաբանի հոդվածն ունի մի քանի առանձահատկություններ, որոնցից մենք կանդրադառնանք մի քանիսին:

Հեղինակը շատ հիմնավոր կերպով նկարագրում է այն ետնապատկերն ու սկզբնապատճառները, որոնք հանգեցրել են այսօր Ադրբեջանում ձևավորված իրավիճակին. մասնավորապես՝ «... Տնտեսական հանկարծակի անկման արդյունքում երկրի տարբեր գյուղաքաղաքներում բռնկված ցույցերն ուղեկցվեցին ուժի կիրառմամբ և ձերբակալություններով: Ոչ պետական հեռուստաընկերությունների տեսանյութերում ներկայացվում են տեսարաններ, որոնք ծայրաստիճան նման են Թունիսից մինչև Տաջիկստան տեղի ունեցող իրադարձություններին. ոստիկանությունը կատաղած ամբոխի դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործում»: Որպես այս ամենի պատճառ՝ հեղինակը նշում է, որ «Ադրբեջանի բյուջեի եկամտային մասի մոտ երեք-չորրորդը գոյանում է նավթի վաճառքից», իսկ նավթի գներն ընկնում են. այսօր դրանք կազմում են 27,6 $, մինչդեռ «Ադրբեջանն իր այս տարվա բյուջեն կառուցել է 50 $ կանխատեսման վրա»:

Ավտորիտար երկրների համար սա անթույլատրելի է, քանի որ եթե քաղաքացիներն իշխանություններին ներեն կեղծված ընտրությունները, իրավունքի խախտումները, օրենքների անտեսումը, սակայն չեն ների ու հանդուրժի իրենց ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: Փաստացիորեն դա այն վարձն է, որ Ադրբեջանի նման երկրի ղեկավարությունը տալիս է իր քաղաքացուն՝ խախտելու համար նրա իրավունքներն ու ազատությունները

Այս պարագայում հեղինակն իրավամբ նշում է, որ այստեղ կարևորն այն է, թե երբ «տնտեսական ցույցերը» կվերածվեն «քաղաքականի»:

Ըստ դե Վաալի՝ այսօր «... ադրբեջանցիները շատ զայրացած են այն բանի վրա, թե ինչպես անցած տարիներին երկրի նավթադոլարներն անհետացան օֆշորային գոտիներում կամ այնպիսի հավակնոտ ծրագրերի իրագործման արդյունքում, ինչպիսին Եվրոպական խաղերն էին: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքականությունը շատ հանգիստ էր, քանի որ նախագահ Ի.Ալիևը ոչնչացրել էր անգամ ձևական ընդդիմությանը: Նրա ռեժիմը քննադատող մարդու իրավունքների պաշտպանները, լրագրողները և երիտասարդ ակտիվիստները վերջին երկու տարիներին ձերբակալվել են: Սակայն այդ իրադրությունը խաբուսիկ է: Ընդամենը 20 տարի առաջ Ադրբեջանի քաղաքական կյանքը քաոսային և անկայուն էր, ինչին վերջ դրվեց ամենազոր Հեյդար Ալիևի հմտությունների շնորհիվ: Իլհամ Ալիևը՝ Հ.Ալիևի որդին, երբևէ չի եղել այն հզոր միապետը, ինչպիսին իր հայրն էր. նա «էլիտայի առանցք» կամ «հավասարների մեջ առաջին»-ը չի եղել, հանդես չի եկել որպես միջնորդ բարձրաստիճան շահամոլ պաշտոնյաների միջև վեճերը կարգավորելու հարցում: Այս ամենի արդյունքում ռեժիմի մեջ ճեղքեր են գոյացել»: Որպես ռեժիմի թուլացման տեսանելի նշան՝ Թոմ դե Վաալը հիշատակում է 2015 հոկտեմբերին Ադրբեջանի ազգային անվտանգության երկարամյա նախարարի պաշտոնանկության, նրա և այդ համակարգի բազմաթիվ աշխատակիցների ձերբակալության փաստերը:
Սովորաբար ավտորիտար երկրներում Ազգային անվտանգության ծառայությունը և ներքին գործերի կառույցներն այն հիմնական հենքն են, որի վրա հենվում են բռնապետերը:
Ադրբեջանում նման իրավիճակի զարգացումը ցույց է տալիս առնվազն այն մասին, որ պետական կառավարման համակարգը միաբան չէ, ավելին՝ այնտեղ հավանաբար առկա են լատենտ լրջագույն խնդիրներ, որոնք կարող են անդրառանալ այդ երկրում իշխանական համակարգում ուժային վերադասավորման վրա:

Շարունակելով Ադրբեջանի վիճակի վերաբերյալ բավական օբյեկտիվ գնահատականները՝ դե Վաալը նշում է, թե «Ադրբեջանի երկու ամենամոտ գործընկերների՝ ՌԴ-ի և Թուրքիայի միջև հակադրության արդյունքում Ադրբեջանը հայտնվել է ծանր իրավիճակում... Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումը երրորդ հարվածն էր», որ հասցվեց Բաքվին:

Ադրբեջանի համար, ուր տնտեսական իրավիճակի դրական տեղաշարժեր դժվար տեղի ունենան, որպես նման իրավիճակից ելքի «խաղաթուղթ»՝ «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբանն ներկայացնում է նախ «Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ չլուծված հակամարտությունը, ապա քաղաքական իսլամի գործոնը»: Երկուսն էլ արկածախնդիր ու պայթյունավտանգ սցենար են խոստանում, որի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել