Շատ տխուր է, երբ տուն է մեռնում, նույնիսկ փոքրիկ մի տուն: Անցած շաբաթավերջին մեր մայրաքաղաքն ունեցավ այն կորուստը՝ Աբովյանի և Արամի փողոցների հատման կետում գտնվող փոքրիկ կարմիր տունն այլևս չկա: Նիկոլի թվին էր կառուցված՝ բառիս բուն իմաստով: Այդ փողոցը ժամանակին կոչվում էր Ցարսկայա, որովհետև 19-րդ դարի կեսերին այնտեղով անցել էր Ռուսաստանի ցարը՝ Նիկոլայ առաջինը: Քանդեցին այդ տունը: Քանդեցին, կարելի է ասել, գաղտագողի, գիշերով, որպեսզի որևէ մեկը չկարողանա խոչընդոտել: Որովհետև շատ լավ գիտեին՝ մարդիկ տարիներով պայքարել են այդ անպաճույճ տան կյանքի համար: Ժամանակին նույնիսկ շուրջօրյա հերթապահություն էին սահմանել այդ տան մոտ, պատին էլ գրել էին՝ «Պահպանվում է հասարակության կողմից»:
Այսինքն՝ այն պաշտոնյաները, որոնք մի ժամանակ բանակցում էին ակտիվիստների հետ, համոզում էին, որ գոնե առայժմ ձեռք չեն տա, ի վերջո որոշեցին սպանել տունը, կարելի է ասել՝ պարզապես բուլդոզերով անցան հասարակական կարծիքի վրայով: Սա շատ խորհրդանշական է՝ քանի-քանի անգամ են տարբեր մակարդակի իշխանությունները գործի դրել այդ նույն բուլդոզերը, որի թրթուռների տակ ճզմվել-մնացել է խեղճ ու անպաշտպան հասարակական կարծիքը: Ընդ որում շատ ավելի լուրջ ու կարևոր հարցերում են նման կերպ վարվել: Ուր մնաց շրջանցեին այդ փոքրիկին:
Անկեղծ խոստովանեմ՝ անաչառ չեմ այս փոքրիկ տան հարցում: Մենք՝ Չարենցի, հետո էլ 114 դպրոցի դասարաններից մեկի աշակերտներս, այդ տունն անվանում էինք Անոյենց տուն, որովհետև այնտեղ էր ապրում մեր համադասարանցի Անահիտը: Ու ավարտական երեկոյից հետո, կարծես չցանկանալով բաժանվել, մի խումբ ընկերներով վերջին անգամ էլ այդ տանը հավաքվեցինք: Եվ ուրեմն մեզ համար իրականում հենց այդ տան բնակարանում ավարտվեց դպրոցը, բոլորիս կյանքի մի փուլը:
էստեղ խնդիր կա: Համամարդկային խնդիր ու հասարակական շահերի շատ լուրջ բախում: Ի վերջո, որևէ մեկը պարտավոր չէ թանգարան բացել Շինարարների այն կիսաքանդ ակումբում, որտեղ Դուք առաջին անգամ դիտել եք «Տարզանն» ու «Հրաշալի յոթնյակը» կամ աչքի լույսի պես պահպանել Պուշկինի այգու այն հնամաշ նստարանը, որտեղ սեր եք խոստովանել 60-ականների սկզբին: Դրա համար էլ գոյություն ունի հանրության գերակա շահ անողոք հասկացությունը: Օրենքի տեսակետից Դուք բացարձակ որևէ բողոք չեք կարող ներկայացնել իշխանություններին. քաղաքի սրտում գտնվող այդ փոքր կարմիր տունը ոչ ընդգրկված էր պետության կողմից պահպանվող պատմամշակութային օբյեկտների ցանկում, ոչ էլ, անկեղծ ասենք, ճարտարապետական բացառիկ արժեք ունեցող շինություն էր: Ուղղակի, ինչպես ճարտարապետներն են նշում, այդ շենքը հին Երևանի մի մասնիկն էր, որն իր շուրջը հատուկ միջավայր էր ստեղծում: Իսկ այս ձևակերպումն իրավական կատեգորիա չէ: Եվ ուրեմն՝ բերեք բուլդոզերը:
էստեղ է ծագում գլխավոր խնդիրը: Շարունակաբար այսպես վարվելով՝ մենք ո՞ր ենք հասնելու: Գրեթե 2800-ամյա հինավուրց քաղաք առա՞նց պատմական միջավայրի ու կենսագրության: Քաղաք՝ առանց հուշերի՞: Տեսեք, թե ինչպես ենք վարվում մենք նաև նորօրյա մեր շինությունների հետ: Հեռու չգնանք: Հենց այդ սպանված կարմիր տան դիմաց՝ Աբովյանի մյուս մայթին, նախկին «Մանկական աշխարհն» է: Ե՞րբ եք այնտեղ վերջին անգամ մտել: Օտարները գալիս են, զարմացած հարցնում՝ «Տուրիզմի ամենաաշխույժ, ամենաշահեկան վայրում ինչպե՞ս եք սա այսպես անկենդան թողել»: Պատասխան չունեմ: Նախկին «Ռոսիա» կինոթատրոնը ժամանակին վերանվանեցինք «Այրարատ», ուզում էինք մշակույթի կենտրոն դարձնել, հիմա թուրքական ապրանք ենք վաճառում: Պռոշյան փողոցով ամեն անգամ երթուղայինով անցնում եմ, տեսնում եմ «Հրազդան» մարզադաշտն ու հիշում ռուսական արտահայտությունը՝ «выкрасить да выбросить»: Հենց այդպես էլ վարվել ենք՝ «Գեղեցիկ ներկել ու լոռեցիների ասած՝ բրախել ենք՝ դեն ենք գցել»:
Երիտասարդական պալատը՝ հայտնի «Կուկուռուզնիկը», քանդեցինք, մտադիր էինք դրա տեղում մի նոր հոյակերտ շինություն բարձրացնել՝ լավ էլ շատ գեղեցիկ նախագծեր կային: Հիմա այնտեղ ի՞նչ է՝ քարհանք: Քարհանք՝ Երևանի կենտրոնում: Օտարներին չասեք՝ չեն հավատա: «Դվին» հյուրանոցը ոչ թե տարիներով, կարելի է ասել՝ արդեն տասնամյակներով կմախքի պես կանգնած էր, միայն վերջերս կարծես թե փորձում են վերակենդանացնել: Մարզահամերգային համալիրը տվեցինք ինչ-որ մեկին: Ոչ ոք չգիտի, թե ում ճակատագիրն ինչ է լինելու: «Զվարթնոցի» հին շենքն էլի անորոշ վիճակում է. հենց այս օրերին վիճաբանությունները շարունակվում են, ու կրկին պարզ չէ, թե ինչով կավարտվեն:
Բայց ախր այս բոլոր շինությունները մեր պատմությունն են: Պատմության հետ բա էդպե՞ս են վարվում: Մի բան պատմեմ: Ապրում և աշխատում էինք Պրահայում՝ բոլորս բնակարաններ էինք վարձում: Մի օր գնացինք մեր գործընկերներից մեկի վարձած բնակարանը: Հին շենքում էր, շատ հին շենքում, բայց ներսից լիովին նորացված, ինչպես ասում են՝ եվրավերանորոգված՝ ամեն ինչ հույժ ժամանակակից էր, բայց հյուրասենյակում մի տարօրինակ բան կար, որը բնակարանի ընդհանուր միջավայրի հետ բոլորովին չէր բռնում: Վառարան էր, ոչ թե բուխարի, որը շատերի տներում կա, այլ մի մեծ՝ կլոր իսկական հին վառարան: Չգիտեմ՝ տեսե՞լ եք նման վառարաններ՝ խնամքով սարքած, ջնարակած փոքրիկ գեղեցիկ սալիկներով պատված, ինքը սպիտակ, վրան կապույտ հնաոճ նախշեր: Բացարձակ անիմաստ բան էր. բնակարանում, բնականաբար, ջեռուցման ժամանակակից համակարգ կար: Ու նաև խանգարում էր՝ դրա տեղում կարելի էր կահույք դնել: Բայց վերանորոգող շինարարները թողել էին, ինչպես ասում են՝ ձեռքը չէր գնացել, չէին կարողացել քանդել, որովհետև հասկացել էին, որ դա պատմություն է՝ այդ բնակարանում մի քանի դար շարունակ ապրած բազմաթիվ սերունդների պատմությունը:
Ու հիմա մտածում եմ՝ երևի կարելի էր նույնն անել նաև Երևանի կենտրոնում՝ մի փոքր ավելի խնամքով վերաբերվել պատմությանը, մի փոքր ավելի փող ծախսել, եթե նույնիսկ հյուրանոցն էր կառուցվելու, էլի կարելի էր կառուցել, բայց մի փոքր վերանայել դրա նախագիծն ու պահպանել Անոյենց տունը: Բայց չէ՝ բուլդոզերով շատ ավելի հեշտ է: Որովհետև սա արդեն ավանդական դարձած մեր գործելաոճն է՝ անել մեր ուզածն առանց հարցնելու հանրությանը՝ հո դեմ չե՞ք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել