Բարև: Զարմացա՞ր: Համաձայն եմ, իրավունք ունեիր զարմանալու. չեմ էլ հիշում վերջին անգամ երբ էինք իրար բարևել: Բայց եթե բարևս է զարմանալի, ապա ի՞նչ անուն կտաս նրան, ինչը հիմա կկարդաս:
Արդեն երկար ժամանակ է մի բանի մասին եմ շատ հաճախ մտածում. արդյո՞ք սերը սարսափելի լինում է: Դու ապացուցեցիր, որ լինում է: Սարսափելի է սերը, երբ սիրահարվում ես մարդու, ում ատել ես կամ գոնե չես ընդունել ժամանակին: Գիտե՞ս՝ այն, ինչ զգում եմ, այն, ինչ կատարվում է ներսումս, նմանվում է մի մարդու, ով փորձում է ժայռից իջնող գետը բարձրանալ հեսանքին հակառակ. որքան նա շատ է ջանք գործադրում, այնքան գետը ավելի ուժեղ է հոսում: Այո, այո... Ես սխալմամբ հակառակը չեմ գրել: Անդադար ինքս ինձ ասում եմ. «Ոչ, ոչ, ախր նա...», բայց հերիք է դու հայտնվես, և բոլոր «ոչ»-երս մոխիր են դառնում: Չգիտեմ՝ դու ով ես ու ինչ ես անում ինձ հետ...
Մի անգամ փորձեցի քեզ սիրել: Հիշո՞ւմ ես ... դեռ նոր էի քեզ հավանել, իսկ դու ի՜նչ արեցիր: Հիշո՞ւմ ես ծովափը ... դու ընկերուհիներիդ հետ զբոսնում էիր: Հիշո՞ւմ ես նամակս, ծաղիկները, երաժիշտ ընկերներիս ու իմ գրած երգը... Իհարկե, հիշում ես... Իսկ հիշո՞ւմ ես՝ ինչ արեցիր դու... Չէ, չմտածես՝ պատրաստվում եմ քեզ մեղադրել դրա համար: Ուղղակի ասում եմ՝ ինչի՞ գրիչս չի գրում... Այն գրիչը, որ պետք է գրեր հիմա իմ ու քո համար, այն գրիչը, որով ամեն օր մեր կյանքի նոր պարբերություն էինք սկսելու` ես ու դու, բայց մեր գրիչները մենակ են գրում և ոչ այն, ինչ կցանկանայինք:
Գիտե՞ս, մի տեսակ կարոտել եմ քեզ: Հա´ , հա´ . . . կարոտել եմ: Դու ո´չ գնացել ես, ո´չ էլ եկել, բայց միևնույն է, կարոտել եմ քեզ: Ու քեզ ավելի եմ կարոտում, երբ կողքիս ես նստում` շատ հեռու: Այո, մենք իրարից ամենահեռուն լինում ենք այն ժամանակ, երբ իրար կողքի ենք լինում. մենք իրար չենք նայում, մենք իրար հետ չենք խոսում:
Ես գտել եմ քեզ . . . գտել եմ՝ առանց կորցնելու: Ես քեզ կպատմեմ, թե ինչպես քեզ գտա` բնության հրաշքով, ինձ ձյունը օգնեց: Կպատմեմ հետո` վաղը, մյուս օրը, բայց այսօր չեմ ասի, ես այսօր հոգնել եմ... Ախր դժվար է սիրահարվել մարդու, ում ատել ես կամ գոնե չես ընդունել ժամանակին ... և որքա՜ն դժվար է խոստովանել դա...
Չեմ կարծում, թե դու կկարդաս այս նամակս, եթե մտածեի կկարդաս, գուցե չգրեի: Իսկ եթե կարդաս էլ, չես հավատա, որ քո մասին է:
Կներես այս սարսափելի սիրո համար... Գուցե ես քեզ մի օր սիրեմ, բայց, կներես, ես քեզ երբեք թույլ չեմ տա, որ ինձ սիրես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել