Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները վատթարացրել են Ռուսաստանի տնտեսության զարգացման կանխատեսումները 2016 թվականի համար: Ըստ կանխատեսման նորացված տարբերակի, որը հրապարակվել է այսօր, ընթացիկ տարում Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 1 տոկոսով և ոչ թե 0.6 տոկոսով, ինչպես նշվում էր հոկտեմբերին արված կանխատեսման մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը կշարունակի գտնվել ռեցեսիայի մեջ՝ համաշխարհային շուկայում նավթի գների անկման և Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների ճնշումներով պայմանավորված: ԱՄՀ նաև նշել է, որ Ռուսաստանի տնտեսության անկումն իր բացասական ազդեցությունը կունենա ԱՊՀ այլ երկրների տնտեսությունների վրա, որոնց մի մասն անմիջականորեն առնչվեց նավթի արտահանմամբ պայմանավորված եկամուտների կրճատմանը:

Թեպետ Հայաստանը նավթի գների անկումից անմիջական վնասներ չի կրում, և նույնիսկ այդ հանգամանքով պայմանավորված՝ ակնկալում է Ռուսաստանից ներմուծվող էներգակիրների սակագնի իջեցում, այնուամենայնիվ, մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությունն ակնհայտ է: Հիմնականում այն դրսևորվում է տրանսֆերտների կրճատմամբ, ինչն էլ պայմանավորում է ապրանքաշրջանառության ծավալների կրճատումը:

Օրեր առաջ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցի համաձայն՝ այս տարի Ռուսաստանի տնտեսական անկումը կանխատեսվել է 0.7%։ Անցյալ տարին ՌԴ-ն փակեց 3.8% բացասական ցուցանիշով։

Համաշխարհային բանկն իր զեկույցում նույնպես անդրադարձել է Ռուսաստանի տնտեսական անկման բացասական հետևանքներին հարևան երկրների, հատկապես Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի համար, որոնք մեծ ծավալի մասնավոր դրամական փոխացումներ են ստանում Ռուսաստանից: ՀԲ վերլուծությունների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսության 1 տոկոսանոց անկումը նվազեցնում է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 0.6 տոկոսային կետով։

Կանխատեսման համաձայն՝ 2017 թվականին Ռուսաստանի տնտեսությունն արդեն կարձանագրի 1 տոկոսանոց համեստ աճ, ինչն իր հերթին կնպաստի ԱՊՀ այլ երկրների տնտեսական աճին:

Ազդեցությունն ազդեցությունով, բայց թախտին նստած՝ բախտին սպասելու ժամանակը չէ: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները նոր խաղաքարտեր են բաժանում ակտիվ մասնակիցների համար: Հայաստանն էլ այս իրավիճակում ճկունություն դրսևորելու պարագայում կարող է իր օգուտներն ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել