Ակնկալվում է, որ առաջիկայում տեղի կունենա ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում: Պատահական չէ, որ Հայաստանը շտապեց արձագանքել հարևան երկրի պատժամիջոցների չեղարկմանը: Հայ-իրանական հարաբերությունները մշտապես եղել են բարիդրացիական հիմքի վրա:

Քանի որ Հայաստանն Իրանի առաջնահերթ գործընկերներից է տարածաշրջանում, ապա պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ է բացում բազմաթիվ ոլորտներում երկու երկրների գործակցության համար: Համագործակցության ամենահեռանկարային ոլորտն էներգետիկ ուղղությունն է: Պատժամիջոցների վերացումը հնարավորություններ է ստեղծում էներգետիկ հսկայական պաշարներ ունեցող Իրանի հետ զարգացնել նոր ռազմավարական ծրագրեր:

Հայ-իրանական մյուս առանցքային համագործակցության ուղղությունը, որին կարելի է զարկ տալ, առևտրա-տնտեսական հարաբերություններն են: Պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա հայկական ապրանքներին մուտք գործելու իրանական մոտ 80 միլիոնանոց շուկա և Իրանին մատակարարել համապատասխան տեխնոլոգիաներ, քանի որ պատժամիջոցների արդյունքում Իրանում տեխնոլոգիական «սով» է առաջացել:

Բացի այդ, Հայաստանը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել Իրանից ներդրումներ ներգրավվելու և իրանական ապրանքների արտահանման համար տրանզիտի դեր կատարելու համար՝ ինչպես դեպի ԵՏՄ-ի երկրներ, այնպես էլ դեպի Եվրոպա: Միևնույն ժամանակ ապրանքների և մարդկանց համապատասխան տեղաշարժ ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ: Այս խնդրի լուծմանն է միտված Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը: Պակաս կարևոր չէ նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, որի հայկական մասի կառուցման ֆինանսավորման համար չինական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերել:

Ամփոփելով նշենք, որ ցանկալի է` Հայաստանն իր առավելագույն ջանքերը ներդնի օգտվելու պատժամիջոցների չեղարկման արդյունքում առաջացած վակուումից, այլապես նպատակահարմար պահը բաց կթողնվի, քանի որ որոշ երկրներ արդեն իսկ քայլեր են ձեռնարկում՝ լրացնելու այդ վակուումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել