Շաբաթվա թիվ մեկ համաշխարհային իրադարձությունն Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումն էր, ու մեզ համար այս հարցը կրկնակի կարևորություն ունի, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանը լինի այս որոշումից էապես շահողներից, որովհետև կրկին տեսականորեն սա մեզ համար մեծ հեռանկարներ է բացում։ Հայաստանը կարող է դառնալ Իրանի լուսամուտը դեպի արտաքին աշխարհ, ու այս համատեքստում առանձնակի նշանակություն են ստանում այնպիսի նախագծեր, ինչպես Հյուսիս-հարավ ավտոճանապարհն է, Հայաստան-Իրան երկաթուղին և շատ ու շատ այլ կոնցեպտուալ նախագծեր, որոնք քննարկվել են ու դեռ էլի կքննարկվեն։

Ողջ հարցը, սակայն, նրանում է, թե որքանով Ռուսաստանը կնպաստի կամ էլ կհակազդի Իրանի տնտեսական էքսպանսիային, ինչպես նաև նրանում, թե որքանով ճկուն կլինեն մեր իշխանություններն աշխարհաքաղաքական այս ջեքփոթից օգտվելու հարցում։ Հոռետեսները թերահավատորեն են մոտենում հարցին՝ մասնավորապես նշելով, որ Ռուսաստանն Իրանին դիտարկում է որպես մրցակից ու անելու է հհնարավորը, որպեսզի Հայաստանում Իրանի տնտեսաքաղաքական դիրքերը լուրջ կշիռ չհավաքեն, սակայն կա նաև այլ տեսակետ։

Ստեղծված աշխարհաքաղաքական դրությունում իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանն ու Իրանը պարզապես դատապարտված են ոչ միայն բարի-դրացիական հարաբերություններ պահպանելուն, այլև ավելի մտերմանալուն ու միասնական ճակատ ստեղծելուն ընդդեմ ընդհանուր հակառակորդների ու թշնամիների։ Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքը գնալով ավելի հստակ է ուրվագծվում, ու եթե հարցին չնայենք զուտ տնտեսական տեսանկյունից, այլ ավելի համապարփակ՝ հաշվի առնելով նաև ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական շահերը, ապա, կարծում եմ, որ մեծ հավանականությամբ Հայաստանն, այնուամենայնիվ, կշահի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարում, բայց ոչ շնորհիվ մեր պետական այրերի հմտությունների, այլ շնորհիվ նրա, որ այս անգամ կարծես թե բախտներս բերում է, ու մեզանից ավելի հարմար այլընտրանք չկա ո՛չ պարսիկների, ո՛չ էլ ռուսների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել