651161990 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, քազաքական գործիչ, հրապարակախոս, «Հայրենիք» ամսագրի խմբագիր, անկախության գաղափարի հայաստանյան ջահակիր Ազգային միացյալ կուսակցության անդամ, Ազգային ինքնորոշում միավորման և նրա «Անկախության բանակի» հիմնադիր անդամ Մովսես Գորգիսյանը Երասխավանում սկսված ու մինչ օրս շարունակվող հայ-ադրբեջանական զինված բախումների առաջին զոհը դարձավ: Մեր քաղաքական պայքարում մեծ կարևորություն ունեցող, որպես գաղափարական գործիչ ժամ առ ժամ հասունացող 28-ամյա նվիրյալն ու ապագա ազգային հերոսն իր մահկանացուն կնքեց հայկական անկանոն բանակի շարքերում, «ազգայնացված» զենքը ձեռքին:
Այն ժամանակ մեզանում ազնիվ գործիչներ շատ կային: Մովսեսը նաև ազնվական էր: Ի տարբերություն շատ նվիրյալների, նա նաև գիտակցում էր մեր՝ իրենից տարիքով ու քաղաքական պայքարում բովված գործիչներիս փորձը ուսումնասիրելու, թրծված տեսակետների վրա հիմնվելու կարևորությունը: Քաղաքական պայքարում, իր ժողովրդի դատի մարտադաշտում Մովսեսը դեմ առ դեմ կանգնած էր հակառակորդի առաջ ու չէր ենթադրում որևէ միջամտություն, երրորդ ուժի «բարի կամքի» որևէ դրսևորում: Իր պայքարում Մովսեսն ազնիվ էր թե՛ իր ժողովրդի, թե՛ թշնամու առաջ: Նա լավ գիտեր «ազգամիջյան» ու «միջազգային» բառերի նշանակությունը, և մեր եռագույնը ծածանեց հենց այդ հասկացությունների սահմանագծում:
Մովսեսին ուղղված գնդակի չարբաստիկ ընթացքը շարունակվեց 17 տարի, և 2011-ի նույն օրը՝ հունվարի 19-ին, այն խոցեց մեր ժողովրդի մի այլ նվիրյալի՝ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» ամսագրի խմբագիր Հրանտ Դինքին: Իր ապրած 52 տարիների ընթացքում Դինքը հասցրել էր ավելի լայն գործունեություն ծավալել և՛ որպես հրապարակախոս, և՛ որպես քաղաքական ու հասարակական գործիչ: Թուրքիայում ծնված ու ապրած լինելով, տարբեր էին նաև Դինքի ազդեցության ու գործունեության ոլորտներն ու մեթոդները: Թեև այս երկու նահատակներն էլ հրապարակախոս էին, բայց լսարանների ծավալն ու տարամետությունը ենթադրում էին «շարադրանքի» տարբերություն: Բայց շատ կարևոր բաներ նույնացնում էին նրանց. ազնիվ նվիրվածությունն ու ազգային խնդիրների լուծման հարցում աշխարհի ու սեփական դրդապատճառները տարանջատելու, դրանց իրական գնահատականը տալու շնորհն ու պատրաստակամությունը: Նրանք միամիտ չէին ու չէին քարոզում աշխարհից մասնատվածություն, պարզապես լավ էին պատկերացնում, որ անցյալի ցավը պատմական դասի վերածելու հարցում երրորդ ուժի միջամտությունը նշանակում է երրորդ շահի միջամտություն:   
Մեր զինված պայքարում Մովսես Գորգիսյանի մասնակցությունը թելադրված էր զուտ պահի անհրաժեշտությամբ: Մարտի դաշտում չէր, որ անփոխարինելի էր Մովսեսը: Երասխավանում մենք ձեռք բերեցինք ազգային հերոս, բայց կորցրինք մեր ժամանակի հերոսին, որը կարող էր սերունդներ դաստիարակել, մեր նոր հանրապետության քաղաքական գործչի ու քաղաքացու կատարելատիպը լինել: Այս հարցում նա իսկապես անփոխարինելի էր:
Իր տեսակի ու տեսակետների մեջ անփոխարինելի էր նաև Հրանտ Դինքը: Նա նոր հայացք էր անցյալին ու ներկային: Իր ծագմամբ ու ծննդաավայրով, իր ապրած կյանքի բերմամբ, նա այն միակ ընդունելի «երրորդ ուժն» էր, որ միջնորդելու իրավունք ուներ երկու ժողովուրդների միջև: Դինքն իրավամբ բացառում էր թուրք ժողովրդին պարտադրաբար 1915-ի ցեղասպանությունն ընդունել տալու տեսակետը ու իր գործունեությամբ թուրքերի կամավորության ճանապարհն էր հարթում: Դինքի մահն իսկ ապացույցն էր հայ ժողովրդի ցեղասպանության, բայց նաև նրա ջանքերի շնորհիվ էր, որ հազարավոր թուրքեր կամովի դուրս եկան երթի ու աղաղակեցին. «Ես հայ եմ: Ես Հրանտ Դինքն եմ»: Հենց այդ կամավորության մասին էր խոսում Հրանտ Դինքը:
Այսպիսով, հունվարի 19-ին 17 տարին մեկ, գնդակահարվեց հայոց ազգային դատի նոր խոսքը, նոր Հայաստանը, որը, հուսամ, այս սուրբ նահատակների ոգեկոչմամբ կարարվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել