(հատված «Խաղաղ անհնազանդության տեսություն» հոդվածից)
Չնայած նրան, որ ընդդիմադիր հատվածի ուժերի կողմից, նույնիսկ պայքարի ծայրահեղ տեսակները միայն պոպուլիզմի տարրեր են պարունակել և ոչ ավելին ցանկանում եմ մի քանի դիտարկում անել կապված քաղաքական գործընթացների ուժային լուծումների հետ: Նախ ասեմ, որ քաղաքական գործընթացների ուժային լուծումները չընդունելը բնավ չի նշանակում մերժել փողոցային պայքարի գաղափարը: Հակառակը՝ ցանկացած քաղաքական պայքար պետք է կրի հրապարակային բնույթ և բնականաբար պետք է ուղեկցվի փողոցային պայքարով: Նախ պետք է արձանագրել, որ որքան էլ բռնի պայքարի ջատագովները փորձում են ներկայացնել քաղաքական պայքարի այդ ձևի անխուսափելիությունն ու դրա հնարավոր «ձեռքբերումները», այնուամենայնիվ ակնհայտ է.համարձակությունը բռնությամբ արտահայտելով տվյալ մարդիկ ընտրում են պայքարի այն ձևը, որում առավելությունը գրեթե միշտ իշխողների կողմն է:
Նույնիսկ այն դեպքում, երբ բռնությամբ հնարավոր է լինում հասնել հաջողության այն հաճախ հանգեցնում է երկարատև կառուցվածքային բացասական հետևանքների: Որպես առավել ակնառու հետևանք կարելի է միայն մատնանշել այն հանգամանքը, որ բռնի պայքարի ընթացքում ամբողջությամբ ոչնչացվում են ժողովրդավարական հասարակության հաստատման և ամրապնդման համար անհրաժեշտ մարմինները:
Առանձին անհատների կամ վարչախմբերի պետական պաշտոններից հեռացումը մեկ այլ խմբի ընձեռում է նրանց տեղը զբաղեցնելու հնարավորություն: Տեսականորեն բռնությամբ իշխանության եկած նոր վարչախումբը կարող է լինել ավելի ժողովրդավարական և բաց բարեփոխումների համար: Բայց հակառակ տարբերակն էլ հավանական է, երբ դիրքերը ամրապնդելուց հետո նոր վարչախումբը կարող է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել, քան նախորդը: Արդյունքում «ազգի փրկության ճակատը», որի հետ շատերն էին հույսեր կապում, կկարողանա անել այն ամենը, ինչ ցանկանում է՝ առանց ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին հոգալու: Ուստի հաշվի առնելով վերոգրյալը հարկավոր է արձանագրել, որ այսպես կոչված հեղափոխական ճանապարհով իշխանություն վերցնելը նույնպես ստեղծված քաղաքական իրականության լուծման տարբերակ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել