Նախօրեին Ազատության ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակներում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բավական սուր հայտարարություններով: Փաշինյանը, պատասխանելով իր` իշխանական պրոյեկտ լինելու մասին շրջանառվող լուրերի մասին հարցին, նշեց, որ ցանկացած ֆորմատով, ցանկացած տեղում ու ցանկացած ձևով ուղղակի խոսակցություն կունենա բոլոր նրանց հետ, ովքեր իր անունը կկապեն Սերժ Սարգսյանի և այլոց հետ:

Փաշինյանի ընդդիմադիր գործունեության հետ կապված հիմնական կասկածներ հնչեցնողը երկար ժամանակ եղել է ՀԱԿ-ը: Չնայած այժմ ՀԱԿ-ը դրսևորում է պասիվություն թե՛ քաղաքական կյանքում ընդհանրապես, թե՛ Փաշինյանի հետ կապված մասնավորապես, բայց Փաշինյանի ու իր նորաստեղծ կուսակցության ակտիվացմանը զուգահեռ վերջինիս շուրջ քննարկումները չեն դադարում: Ու չնայած այժմ առիթը, որ հունից հանել է Փաշինյանին, ՀԱԿ-ը չէ, բայց, Փաշինյանը դեռ շարունակում է վիրտուալ բանավեճն իր նախկին կուսակցության կասկածների հետ: Մասնավորապես, ՀԱԿ-ը Փաշինյանին միշտ մեղադրել է իշխանության որոշակի օղակների հետ կապվածության կոնտեքստում: Փաշինյանն այժմ իր հասցեին հնչող քննադատություններին պատասխանում է նույն ձեռագրով:

Խնդիրը, սակայն, ոչ այնքան Փաշինյանի ու ՀԱԿ-ի հարաբերություններն են, որքան այն, որ Փաշինյանն անընդհատ ներկայանում է որպես ընդդիմադիր դաշտի էությունը փոխել ցանկացող քաղգործիչ: Բայց փաստացի մնում ու կրկնում է իր նախկին կուսակցության գործելաոճի մեջ` քննադատությունների հանդեպ անխտրական կերպով տեսնել դավադրություններ, անձնավորված վիրավորանքներ: Հանրային գործիչ լինել նշանակում է ոչ միայն ուղղակի խոսակցություն չունենալ քննադատություններ, թեկուզ անհիմն քննադատություններ հնչեցնողների հետ, այլ փորձել փարատել դրանք: Օգտագործելով իր հասցեին ավանդաբար հնչեցվող քննադատությունների մեթոդն ու տարածելով այն բոլորի վրա՝ Փաշինյանը որևէ նոր քաղաքական մշակույթ չի ձևավորում, կրկնում է հինը: Հետաքրքրական կլինի հետևել, երբ ՀԱԿ-ը որոշի հակափաշինյանական քննադատությունները հեռացնել իր օրակարգից, ում դեմ անընդհատ հակամարտությամբ է իր մասին հիշեցնել տալու Փաշինյանը, թե շարունակելու է բանավեճը մոնոլոգի տեսքով:

Հ.Գ. Վերոնշյալի կոնտեքստում ևս մեկ հավելում: Փաշինյանը շատ է սիրում խոսել սուպերլիդերության ինստիտուտի թերությունների մասին: Որպես դրա ֆորմալ բացառում՝ նաև ստացվել է այնպես, որ իր ստեղծած կուսակցությունում նա վարչության անդամ է, բայց ոչ վարչության նախագահ (իր ինքնաբացարկի շնորհիվ): Բայց հրապարակային հարթակներում, կուսակցության քաղաքական գիծը որոշող հայտարարություններում ու քայլերում հիմնական դերակատարը շարունակում է մնալ հենց Փաշինյանը:

Հ.Գ. 2. Իշխանության տարբեր շրջանակներից ֆինանսավորվելու թեման հունից հանում է Նիկոլին, ու վերջինս թեման շեղելու համար փորձում է շրջանառել այն թեզը, որ ՀԱԿ-ն է «իր դեմ պայքարի շրջանակներում» թեման շրջանառում, սակայն Նիկոլի անհավասարակշիռ կեցվածքը կասկածներ է առաջացնում նաև իր համախոհների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել