20-րդ դարում ազատության և անկախության կարգախոսների ներքո սկիզբ առած ապագաղութացման համաշխարհային գործընթացն արդեն ցույց տվեց իր անհեռանկարային բնույթը, և արդեն այսօր ակնհայտ են նեոգաղութատիրական նոր շրջանի ձևավորման իրական հիմքերը:
Եթե գաղութատիրության նախորդ շրջանում առաջնային դեր էին կատարում ռեսուրսները և տեխնոլոգիաները, և դրանց տիրապետողն իշխում էր այդ իմաստով ավելի հետամնաց երկրների վրա, ապա նոր գաղութատիրության շրջանում հիմնական ռեսուրսը դառնում է անվտանգությունը, և այն երկրները, որոնք ինքնուրույն չեն կարողանում ապահովել իրենց անվտանգությունը, կախման մեջ են հայտնվում անվտանգություն երաշխավորող տերություններից կամ կազմակերպություններից:
Վերջիններս, բնականաբար, անվտանգություն ապահովելու դիմաց օգտագործում են երկրի տարածքն իրենց նպատակների համար, դա էլ քիչ է՝ վճար են պահանջում անվտանգություն ապահովելու համար:
Քանի որ անկախությունն ու ազատությունը ենթադրում են ինքնուրույնություն, և դա այդպես է բոլոր մակարդակներում, սկսած անհատից, վերջացրած պետություն կառավարելով, իսկ շատ երկրներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, ապա հենց այն չափով էլ ստանում են նոր գաղութի կարգավիճակ:
Այդ կարգավիճակը ոչ թե թղթի վրա գրված բան է, այլ հանրային կյանքում անմիջականորեն դրսևորվող երևույթ, երբ հանրությունը կորցնում իր խնդիրներն իր մեթոդներով և իր նպատակներին համապատասխան լուծելու իրավունքը:
Մենք պետք է լավ ճանաչենք այն իրականությունը, որում ապրում ենք, որպեսզի կարողանանք լուծել կրթության, առողջապահության, տնտեսության և այլ ոլորտներում մեր խնդիրներն այնպես, ինչպես մեզ է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել