ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին՝ մատակարարվող բնական գազի սակագինը նվազեցնելու խնդրանքով:

Այդ մասին hունվարի 16-ին հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ: Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ:

Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Գործարարները ներկայացրել են նաև իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման և արտահանման խթանման վերաբերյալ:
Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից և նշել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում:

Նշեմ, ՌԴ և ՀՀ միջև միջպետական համաձայնագրի համաձայն գազի գինը 2015 թվականի համար սահվանվել էր 165 դոլար, նախկինում՝ 2013թվականից գործող 189 դոլար հազար խորանարդ մետրի համար:
Սակագնի 30 տոկոս տարբերությունը, անշուշտ իր ազդեցությունը ունեցավ հանրապետության տնտեսության վրա: Այն հնարավորություն տվեց խնայել շուրջ 150 մլն դոլար:

Փաստ է, որ էներգակիրների գինը հիմնաքար է ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի և հետևաբար գնագոյացման շղթայում, և նաև դրանով է պայմանավորված հայրենական արտադրության ապրանքների մրցունակությունը: Համաշխարհային շուկայում էներգակիրների գների նվազումը իհարկե պետք է արտացոլվի նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Սակագնի վերանայումը կնպաստի տնտեսական կապերի խորացմանն ու զարգացմանը, երկու երկրների միջև գործարար ակտիվության խթանմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել