Մեր երկրում սիրում են միայն աչք ծակող, հայհոյախառն, սուտ խոստումներով կերակրող, պոպուլիստական քաղաքականությունն ու քաղաքական գործիչներին: Սիրում են՝ իրենց խաբեն, սին հույսեր տան ու այդ ամենի վրա լցնեն հայհոյա-անեծքախառն ելույթների սոուս՝ տեղական, կծու, թթու, սուր զգացողություններ առաջացնող…որն ավարտվում է անպայման երազախաբությամբ, փսխումով կամ մոտակա զուգարանի փնտրտուքով…

Մեր սնկի նման աճող էժանագին լրատվության մեջ, դեղին մամուլում հարգի են և ընթերցվում են էժանագին տեղեկատվությունները, սեքսի, կրիմինալ հեղինակությունների, աստղիկների կյանքի, նրանց ներքնաշորերի, անկողնու, մարմնի բարեմասնությունների թերությունների վերաբերյալ հոդվածները, տեղեկատվությունը և իհարկե կիսամերկ նկարները, երբ անտեսվում են կամ հարթաուղեղային մակարդակով ընդամենը աչքի են անցկացվում գրագետ, լուրջ, մտահոգ, արդի, հուզող և կարևոր գրառումները, վերլուծություններն ու տեղեկատվությունը: Նույնը քաղաքական դաշտում է. երբ դու «փողոցային» չես, պոպուլիստ չես, էժանագին էֆեկտների ու բազարային լեքսիկոնի չես տիրապետում, ճղճղան ձայնով, հիստերիկի նման մազերդ չես «փիդռում» ամբոխի առաջ, այլ լուրջ, կառուցողական, դանդաղ, բայց հետևողական ու սկզբունքային քաղաքականություն ես վարում, ապա դու «քըխ» ես, ծախված ես, լավը չես, ինչ-որ մեկի գործակալը կամ դրածոն ես:
Բայց լավ է, որ ՀՀ քաղաքացին արդեն կարծես հասկանում է՝ ով ով է, ով իրենից ինչ է ներկայացնում…
Ուրախ եմ, որ այդ փողոցային, քյանդրբազի, փահլևանի մակարդակի ու իրենց ճղող, այստեղ այնտեղ պառկող, տոնածառ խաղացնող քաղաքական կիսաֆաբրիկատ գործիչների և ուժերի հետևից քիչ մարդ է գնում…
Հույս ունենանք, որ աստիճանաբար, քաղաքացիական հասարակության ձևավորմանը զուգընթաց կշատանան իսկական, դասական և սկզբունքային քաղաքական ուժերի հետևորդները… Հուսանք ու սպասենք, բայց ոչ երկար, ժամանակ չունենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել