ԲլոգԲլոգերը ժամանակակից մարկետինգի ամենաարդյունավետ գործիքներից են: Oրինակ` Հյուսիսային Ամերիկայում ընկերությունների 70 տոկոսն ունեն իրենց բլոգը, որն օգտագործում են վաճառքների ավելացման համար: Բլոգը բովանդակային (կոնտենտ) մարկետինգի գործիքներից է և ունի մի շարք առավելություններ.

  • Երկարաժամկետ ազդեցություն: Եթե գովազդի ազդեցությունը կարճաժամկետ է, ապա բլոգի ստեղծած բովանդակությունը կարող է օգնել վաճառքներին երկար ժամանակահատվածում, որովհետև դուք բլոգում տեղադրում եք հետաքրքիր կոնտենտ, որը ժամանակ-առ ժամանակ գրավում է թիրախային լսարանի ուշադրությունն ու նրանց մի մասին էլ դարձնում է գնորդ:
  • Բլոգը ենթադրում է երկկողմանի հաղորդակցություն: Ի տարբերություն գովազդի, բլոգում հաղորդակցությունը միակողմանի չէ և լսարանը կարող է հարցեր ուղղել հեղինակին և օպերատիվ պատասխաններ ստանալ: «Կենդանի» շփումը հաճախորդների հետ բրենդին մեծ առավելություն է տալիս և բարձրացնում է հեղինակությունը:
  • Բլոգը ենթադրում է հետաքրքիր բովանդակություն, ինչի արդյունքում հաճախորդն ինքն իր կամքով է այցելում կայք կամ իր կամքով է մնում կայքում, քանի որ այնտեղ այնպիսի նյութեր են, որոնք հետաքրքրում են իրեն:
  • Բլոգն անուղղակի գովազդ է, ինչի արդյունքում լսարանի մոտ նեգատիվ նախատրամադրվածությունը վերանում է, ի տարբերություն իրական գովազդի:
  • Բլոգն օգնում է SEO-ին: Եթե բլոգի գրառումներն արվեն SEO-ի սկզբունքներով, ապա նոր հաճախորդների հոսքը կայք ապահովված է:
Կան ընկերություններ, որոնք բլոգը ստեղծում են իրենց կայքից առանձին, այս դեպում բլոգն ինքնուրույն պետք է իրականացնի վաճառքի գործառույթներ: Ավելի հաճախ բլոգը կայքի մի մասն է, և խնդիր ունի հաճախորդին ներգրավել կայք ու կայքի միջոցով վաճառքներ անել: Բլոգը կարող է լինել հենց «բլոգ» խորագրի տակ, ինչպես նաև «նորություններ», «հոդվածներ» խորագրերով:
Արդյունավետ բլոգ ունենալու համար անհրաժեշտ է պահպանել որոշակի սկզբունքներ.
  • Պոտենցիալ ընթերցողների մարկետինգային կերպարի կազմում: Նախքան բլոգի հիմնումը, անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ հետաքրքրություններ, բովանդակային պահանջարկ ունի պոտենցիալ ընթերցողը, որ հետագայում պետք է վերածվի գնորդի: Օրինակ, եթե դուք վարում եք լեռնային գոտու հյուրանոցի բլոգը, նշանակում է Ձեր բլոգի բովանդակությունը պետք է հետաքրքրի ալպինիստներին, էքստերեմալ տուրիզմի սիրահարներին, զբոսաշրջիկներին և այլն: Ի դեպ, պարտադիր չէ, որ դուք ամեն գրառման մեջ նշեք Ձեր հյուրանոցի մասին, բավարար է ուղղակի հետաքրքիր բովանդակություն ունենալ վերոնշյալ թիրախային խմբի համար:
  • Բլոգի վարման երկարաժամկետ ու կարճաժամկետ ռազմավարություն մշակել: Օրինակ՝ նախապես պլանավորել, թե օրը կամ շաբաթը քանի անգամ է պետք թարմացնել բլոգը, այցելուների որ թվաքանակն է մեզ բավարարելու երկու ամիսից և այլն:
  • Ոչ շատ, բայց տեքստերում նշել Ձեր պրոդուկտի անվանումը: Պրոդուկտի մասին անհրաժեշտ է նշել խոսքի մեջ, անուղղակի, այնպես, որ ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե թեման իր վզին են փաթաթում:
  • Բլոգն օգտագործել բրենդի վիզուալ ճանաչելիությունը մեծացնելու համար, այիսնքն պարբերաբար լուսանկերներ տեղադրել:
  • Համագործակցեք սոցիալական ցանցերի հետ: Բլոգի գրառումների անոնսը տեղադրեք սոցիալական ցանցերում, համագործակցեք կամ ինքներդ ստեղծեք համապատասխան թեմայի ուղղվածության խմբեր սոցիալական ցանցերում, որոնց կհետաքրքրի Ձեր բլոգն ու Ձեր պրոդուկտը, պարբերաբար թարմացումներ արեք այդ խմբերում և այլն:
  • RSS և Email բաժանորդագրության հնարավորություն ունենալ:
  • Բլոգը հարստացնել գեղեցիկ գրաֆիկայով, լուսանկարներով ու տեսանյութերով: Քանի որ լուսանկարներն ու տեսանյութերը ընթերցող գրավելու ամենավստահելի ճանապարհն են, ապա ցանկալի է տեքստերը միշտ ուղեկցվեն լուսանկարներով ու տեսանյութերով:
Կան մի շարք ընդհանրացված թեմաներ, որոնց մասին բլոգում նշելն օգնում է մեծացնել բլոգի պոպուլիարությունը:
  1. Կազմակերպության լուրերի, պատմության ու նորությունների մասին նշել: Բայց ներկայացնել ոչ թե կազմակերպությանն անհրաժեշտ, այլ ընթերցողներին հետաքրքրող տեսանկյունից: Վերոնշյալ սկզբունքների պահպանությունն ընտրության հարց է, քանի որ որոշ ընկերություններ նախընտրում են իրենց բլոգում չգրել կազմակերպության ընթացիք նորությունների մասին, քանի որ դրանք հնարավոր է չհետաքրքրեն լսարանին:
  2. Մրցույթների ու վիկտորինաների անցկացում: Մրցույթներն ու վիկտորինաները հաճախորդներին ակտիվացնելու ամենալավ տարբերակներից են ինչպես բլոգի, այնպես էլ սոցիալական ցանցերի էջերի դեպքում:
  3. Հաճախորդների արձագանքերի մասին տեսանյութերի ու լուսանկարների տարածում: Հաճախորդների կարծիքն բարձրացնում է վստահությունն ու օգնում է լեգալացնել բրենդի օգտակարության մասին պատկերացումները:
  4. Փորձագիտական ու վերլուծական նյութերի տեղադրում: Նմանատիպ նյութերն օգնում են գրավել ավելի պրակտիկ ու վերլուծական մտածողության տեր հաճախորդների ուշադրությունը:
  5. Հաճախ տրվող հարցերի պատասխաններ: Ցանկացած ընկերության հետ կապված կան հարցեր, որոնցով հաճախորդներն ավելի հաճախ են դիմում ընկերության աշխատակիցների օգնությանը: Եթե նախօրոք Ձեր բլոգում ունենաք այդ հարցերի պատասխանները` հաճախորդների համար օգտակար կլինի:
  6. Խորհուրդներ բրենդի օգտագործման հետ կապված: Նման հոդվածներով էլ կհեշտացնեք պրոդուկտի կիրառությումը:
  7. Բրենդի ու բլոգի թեմայի հետ կապված հայտնի մարդկանց ու աշխատակիցների հետ հարցազրույցների, ինչպես նաև նրանց կենսագրության հրապարակում:
Ժամանակակից արտասահմանյան շատ ընկերություններում աշխատակիցների կանոնակարգում պարտադիր է գործի թեմայով բլոգ վարելը: Պատկերացրեք 200 հոգանոց ընկերություն, որի բոլոր աշխատակիցներն իրենց գործի ու ընկերության մասին բլոգ ունեն, որտեղ ներկայացնեն իրենց աշխատանքի ու պրոդուկտի մասին:
Վահրամ Միրաքյան
Մարկետինգային մյուս գործիքներին կարող եք ծանոթանալ Վահրամ Միրաքյանի Չոր մարքեթինգ գրքում, որտեղ ներկայացված են բազմաթիվ նմանատիպ մարկետինգային գործիքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել