Արտաքին շուկաներում տեղական պրոդուկտի ճանաչելիության մեծացման գործում մեծ դեր ունեն միջազգային ցուցահանդեսները: Օրերս Ամստերդամում կայացել է «Հորեկավա» սննդի փառատոնը: Վերջինիս շրջանակներում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»­-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվել են Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:
Վերը նշված փառատոնի բացման արարողությունն իրականացրել են փառատոնի գլխավոր տնօրեն Յան­Սեբաստիան ֆան Լիսումը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ՀՀ դեսպանը ողջունել է հայկական գինիների ներկայացումը եվրոպական շուկայում, հատկապես` մասնագիտական դաշտում, ինչը հնարավոր դարձավ հազարամյակների գինիների արտադրության ավանդույթները երիտասարդ հայ մասնագետների կողմից ժամանակակից
տեխնոլոգիաների օգտագործմամբ սպառողների լայն շրջանակի հասանելի դարձնելու շնորհիվ` հնարավորություն տալով վայելելու նրանց բուրմունքի ու համային ողջ հարստությունը:
Հարկ է նշել, որ փառատոնի շրջանակներում հայաստանցի գինեգործները հնարավորություն են ունեցել նաև համտես­ցուցադրության միջոցով ներկայացնել իրենց կողմից արտադրվող գինիները և դրանց պատրաստման առանձնահատկությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել