Ամեն անգամ, երբ խոսք է գնում դիրքապահ տղաներից կամ էլ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից, սկսվում է մեկնաբանությունների տարափ, որտեղ ամենահաճախ հանդիպող բառը «հերոս»-ն է։ Դիրքապահ զինվոր է՝ հերոս է, դիրքապահ զինվորի ծնող է՝ հերոս է, սահմանամերձ գյուղի բնակիչ է՝ հերոս է...
Ժողովուրդ, պաթոսը երբեմն վատ բան չէ, բայց երբ պաթոսը դառնում է համապարփակ, դա արդեն վտանգավոր է, որովհետև հատկապես այս կոնտեքստում այն արագ վերաճում է ինքնախաբեության ու «հերոս» բառի արժեզրկման։
Զուտ նրա համար, որ տղան գնում է բանակ, հայտնվում է դիրքապահ զորամասում և սկսում է դիրքապահ ծառայություն իրականացնել, նա դեռ հերոս չի դառնում։ Պարտադիր զինվորական ծառայությունը հենց դրա համար էլ կոչվում է պարտադիր, որ օրենքով սահմանված է, որ չափահաս ու համապատասխան առողջական խնդիրներ չունեցող տղամարդը պետք է ծառայի բանակում, ու օրենքի պահանջը կատարելու ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքդ հանձնելու մեջ դեռ հերոսություն չկա։ Դա նորմալ է։
Զուտ նրա համար, որ ծնողները դաստիարակում են այնպիսի որդի, որը սաչոկ ու դասալիք չի դառնում ու պատվով հանձնում է իր պարտքը, ծնողը դեռ հերոս չի դառնում, այլ նորմալ ու խելացի ծնող, ով նորմալ որդի է դաստիարակել։ Սա էլ հերոսություն չէ, որպես էդպիսին։ Եթե ծնողը չի ուզում բանակ ճամփել իր որդուն՝ չունենալով դրա ոչ մի լեգիտիմ պատճառ, ապա նա կարող է ստիպված լինել նրան բանտ ճամփել, որովհետև դասալքությունը ու ծառայությունից խուսափելը ոչ թե այլընտրանք են, այլ քրեորեն պատժելի արարքներ։
Զուտ նրա համար, որ մարդը ծնվել է ոչ թե Երևանում, Փարիզում, Մոսկվայում, Հրազդանում կամ էլ Դսեղ գյուղում, այլ սահմանամերձ բնակավայրում, նա դեռ հերոս չէ։ Հերոս չէ նաև այն դեպքում, եթե չի տեղափոխվել այլ բնակավայր (ոչ էլ դավաճան կամ դասալիք է)։ Պարզապես այդպես է ստացվել, ու միշտ էլ լինելու են մարդիկ, ովքեր ծնվելու ու ապրելու են սահմանամերձ բնակավայրերում։ Անգամ եթե բոլորը գան Երևան, էլի մնալու են սահմանամերձ բնակավայրի բնակիչ, որովհետև, ըստ էության, Երևանն էլ է սահմանամերձ (Նախիջևանից կարող են հրետանային միջոցներով էլ հարվածել)։
Բերեք հստակ տարանջատենք լավը վատից, նորմալն ու բնականոնը՝ հերոսությունից։ Հերոսական էր, ասենք, Արմեն Հովհաննիսյանի արարքը, ով, անգամ վիրավորված շարունակելով մարտը, կյանքի գնով վայրկյաններ էր շահել ընկերների համար, իսկ հետո նրա մարմնից տարբեր ժամանակամիջոցներ մխրճված 12 գնդակ էին հանել։ Հերոսական էր հատուկնշանակային սպայի արարքը, ով հրամայել էր իր զինվորներին նահանջել, իսկ ինքը մենակ շարունակել էր մարտը գրոհող հակառակորդի դեմ ու կյանքի գնով շահել բավական ժամանակ, որպեսզի իր զինվորները հասցնեն նահանջել։ Հերոսական էր մեր մյուս զինծառայողի արարքը, ով, փորձելով կրակի գոտուց հանել վիրավոր ընկերոջը, կորցրել էր ձեռքը։ Հերոս է Նորայր Քամալյանը, ով անզեն ձեռնամարտի էր բռնվել ու անգամ մի քանի վիրավորումից հետո չէր հանձնվել ադրբեջանցի դիվերսանտներին՝ թույլ չտալով, որ իրեն գերեվարեն ու կոտրել էր նրանցից մեկի ոտքը։ Թվարկածներս արդեն նորմայի մեջ չեն տեղավորվում, այլ շատ ավելին են, որովհետև ենթադրում են անձնազոհության տարր ու հուժկու կամք։
Եկեք իրերը կոչենք իրենց անունով ու սիրենք ոչ թե մեզ ու մեր հարազատներին բանակում, այլ բանակը մեզանում։ Մենք իրոք ունենք հերոսական բանակ, բայց դա չի նշանակում, որ ամեն առանձին վերցված զինծառայող հերոս է արդեն իսկ նրա համար, որ այնտեղ է։ Հասկանանք սա, որ հետո չբախվենք այն խնդրին, երբ «հերոս»-ը ոչ մի լուրջ իմաստային արժեք չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել