Հարգելիներս,
հակառակ ձեզ մոտ իշխող նախատոնական տրամադրությանը՝ թույլ տվեք մի փոքր փչացնել ձեր տրամադրությունը ձեր իսկ անբարեխիղճ գործընկերների պատճառով: Ես գիտեմ՝ ես ինքս էլ այն կարծիքին եմ, որ դուք իրենց արարքների համար ոչ մի պատասխանատվություն չեք կրում և ոչնչով հաշվետու չեք ինձ, բայց հիմա միայն դուք կարող եք լսել ու ճիշտ արձագանքել իմ մտածումներին և «ցավին»: Դուք ինքներդ էլ, ճանաչելով ինձ, գիտեք, որ հաճախ խնդիրներին վերաբերվում եմ սոսկ ժպիտով, բայց այս անգամ... Հինգ օր առաջ Հայաստանի առաջատար լրագրական կայքերից մեկը (անունը չեմ ցանկանում հրապարակել, որ «մրոցի» չստացվի) հրապարակել էր մի հոդված, որում, առանց թույլատվության, օգտագործել էր մի լուսանկար` վերցված ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՑ (նկարը տե՛ս ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԼՈՒԾԵԼ Է ԴԵՌԵՎՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ): Ես խնդիր չեմ տեսնում դրանում և ինքս էլ հաճախ նյութերին կցում եմ նկարներ այլ բլոգներից, բայց... Որպես լրագրողներ բացատրեք ինձ, խնդրում եմ, որտե՞ղ է սկսվում և ավարտվում իմ` հեղինակային և քաղաքացիական իրավունքի սահմանը, երբ`

ա. տվյալ նկարի վրա դրված է ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգի տարբերանշանը,


բ. նկարը իմ անձնական ֆոտոդարանից է, դրանում պատկերված եմ ես ինքս և իմ շատ սիրելի գեղեցկուհի կինը, և եթե իմ իսկ բլոգում ես պատշաճ եմ գտնում դրա օգտագործումը, ապա այլ կայքում և հատկապես սեռական թեմատիկային առնչվող նյութի  հետ կապված այն տեսնելը առնվազն անախորժ է,


գ. երկու անգամ բավական հարգալից դիմել եմ տվյալ կայքին` խնդրելով (պահանջելով) հեռացնել նկարը, սակայն իմ նամակները ոչ միայն արհամարհվել են, այլև նկարը դեռևս իր տեղում է:

Հիմա, սիրելինե՛ր, խնդրում եմ ասացեք, թե դուք ինչպես կվարվեիք և ինչ արձագանք կտայիք: Ոմանք կարող են ասել թե ես բաժակի մեջ փոթորիկ եմ բարձրացնում` լուն ուղտի վերածելով, բայց ինձ համար օրինաչափ է իմ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խոսքը` «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է» (Ղուկ. 10:16), մանավանդ, որ այսպիսի նախադեպեր էլի են եղել (տե՛ս ԿԵՐԵՔ ԽՆՁՈՐ և ՄԻ ԿՌՎԵՔ)Շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել