Ինչ լինելու է՝ կլինի...
Այս հոռետեսական միտքն է իր հոդվածում արծարծել ադրբեջանցի հայտնի լրագրող Արիֆ Ալիևը՝ «Էյնուլայի» կայքում այսօր երեկոյան հրապարակելով «Ես վաղուց չեմ տեսել վարչապետ Արթուր Ռասիզադեին» հոդվածը, որը զարմանալի անաչառությամբ ներկայացնում է երկրի տնտեսական վիճակը: Մեզ մնում է որոշ հապավումներով վերաշարադրել հոդվածի հիմնական դրույթները:
Այժմ Ադրբեջանում գրեթե բոլորը գոչում են: Այդ ճիչը ցնցում է ոչ թե մարդկանց ականջները, այլ հոգիները, որովհետև մեծամասնությունն առայժմ անձայն է գոռում: Մարդիկ նույն հարցն են բացականչում՝ ի՞նչ է լինելու: Բնականաբար, խոսքը վերաբերում է մանաթին, թանկությանը, գործազրկությանը: Փորձագետներն ինչ- որ բան պատասխանում են, սակայն այժմ կարևոր է, որպեսզի մարդիկ լսեն կառավարության ձայնը: «Իսկ նախարարների խորհուրդը կարծես թե այլ աշխարհում է ապրում»,- գրում է ադրբեջանցի լրագրողը: Կառավարության ընդունիչներն ընկալում են էլեկտրամագնիսական այլ ալիքներ, որոնցով հնչում է ոչ թե ժողովրդի տառապանքի մեղեդին, ոչ թե վաղվա օրվա տագնապը, այլ «բազմամշակութայնության» զվարթ սիմֆոնիան, «Ֆորմուլա-1»-ի հանդիսավոր հիմնը և Իսլամական խաղերի հովվերգական նախերգանքը:
Այնուհետև Արիֆ Ալիևը գրում է. «Երկրի ազգային արժույթը փուլ է գալիս, աշխատավարձի իրական գնողունակությունը կրկնակի անկում է ապրում, գները վեր են մագլցում, աճում է գործազրկությունը: Ժողովուրդն ուզում է կառավարությունից լսել, թե նա ճգնաժամից դուրս գալու ինչ ծրագրեր ունի, ինչ սպասելիք կա: Ըստ տրամաբանության՝ իշխանությունն այս իրավիճակում պետք է շտապ բարեփոխում սկսի, խթանի տեղական արտադրությունը, վերանայի հարկային քաղաքականությունը, սկսվող տարին հայտարարի փոքր բիզնեսի զարգացման կամ մանաթի ամրապնդման տարի կամ գոնե կրճատի իր հավակնոտ զվարճալի նախագծերի ծախսերը: Բայց կառավարությունը շարունակում է գործել ի հեճուկս հանգամանքների, որոնք ի վիճակի չէ փոխել՝ 2016-ը հայտարարելով բազմամշակութայնության տարի»:
Հանգամանորեն նկարագրելով երկրում ստեղծված տնտեսական աննախանձելի վիճակը՝ լրագրող Արիֆ Ալիևը եզրափակում է. «Վաղուց չեմ տեսել երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեին ոչ խոսելիս, ոչ աշխատելիս: Իբրև լրագրող՝ շատ երկրներում եմ եղել և կարող եմ երդվել, որ նման բան չեմ տեսել: Այդ վարչապետն ինձ հարկավոր էլ չէ, ինչպես հարկավոր չէ կառավարության անդամների, նախարարների մեծ մասը: Նրանք հարկավոր չեն նաև ժողովրդին: Այն դեպքում, երբ պետք է զբաղվել սոսկ փող ծախսելով, տրամադրված միջոցները «յուրացնելով», հարկերը հավաքելով, պետք է ճնշել, պատժել, արգելել, նրանք գուցեև անփոխարինելի են: Բայց երբ հարկավոր է մտածել, թե ինչպես եկամուտ բերես երկրիդ, ուրիշների համար պայմաններ ստեղծես, խրախուսես ու աջակցես, նրանք անօգուտ են և նույնիսկ վնասակար»:
Վկայակոչելով մի շարք ոչ մեծ երկրների օրինակը, որոնք կարողացել են հաղթահարել ճգնաժամը, լրագրող Ալիևը նման հեռանկար իր երկրում չի տեսնում և եզրափակում է՝ ի՛նչ լինելու է՝ կլինի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել