Ֆեյսբուքը որքան ազատ խոսքի հարթակ է, 5 այդքան էլ՝ մարտնչող բթամտության (воинствующая тупость) ավազան։ Ընդհանրապես, դրա լակմուսային թուղթը լրատվական ու ժամանցային կայքերի էջերի մեկնաբանությունների դաշտերն են, որտեղ աշխարհի ամենամեծ հիմարությունները կարող եք կարդալ ամենօրյա ռեժիմով։
Խնդիրը նրանում չէ լոկ, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան չգիտեն, ինչ-որ թեմաների չեն տիրապետում կամ էլ ունեն թյուր տեղեկատվություն։ Խնդիրը նրանում է, որ կա քոմմենթչիների մի կատեգորիա, որ նույնիսկ այդ պարագայում պատրաստ է բոցաշունչ ինչ-որ մի հիմարություն գրել ու հանուն դրա պայքարել մինչև քո վերջին նյարդային բջիջը, ու որքան ավելի ռեզոնանսային թեմայի տակ է գրված քոմմենթչու հիմարությունը, այնքան ավելի շատ են իրենից ոչ պակաս հիմար լայքչիները։
Սովորական բնականոն ռեժիմում դրա վրա կարելի է աչք փակել, բլոկ անել, պարզապես չկարդալ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ բնականոն ռեժիմ ասվածը հավերժ է ու հարատև։ Ասենք, պատկերացրեք, վաղը պատերազմ է սկսվում, ու ինչ-որ կարևոր բարձունք/բնակավայր գրավելու/պաշտպանելու համար մեկ օրում տալիս ենք մի քանի տասնյակ զոհ... Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կսկսվի կատարվել ֆեյսբուքում։
Ու էլ կարևոր չի լինի այն, որ, ասենք, այդ գնով փրկվում են հարյուրավոր ու հազարավոր կյանքեր, ու/կամ լուծվում է կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր։ Պանիկայի, ապատիայի ու պարզապես հիմարությունների ալիքը մեյնսթրիմ դառնալու ավելի մեծ հավակնություններ ունեն, քան ողջամտությունն ու սառնասրտությունը, իսկ դա ոչ բնականոն ռեժիմում ոչ միայն օգտակար չէ, այլև խիստ վտանգավոր է։
Ժամանակին ես կարծում էի, որ դրան հակազդելու ինչ-որ լուրջ մեխանիզմներ կան, բայց քանի գնում է, համոզվում եմ, որ նման ճգնաժամային պահերին պայքարող բթամտությանը հակազդելու միակ ու արդյունավետ ձևը ֆեյսբուքը պարզապես «անջատելն է», որովհետև, ինչպես գիտեք, հիմարի ասածի/արածի տակից 10 խելոք դուրս գալ չեն կարողանում, իսկ եթե հիմարների թիվը 1000-ներով է չափվում, ապա առանց ծայրահեղ միջոցների դեմներն առնել չի լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել