Հարգելի՛ գործընկերներ, այսօրվանից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, ուստի ցանկանում եմ ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ուժի մեծ մտած օրենքներով սահմանված իրավակարգավորումների վրա:
1. Նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար (ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը և այլն) կիրառել ոչ թե տուգանք, այլ՝ նախազգուշացում:
2. Այսուհետ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, և այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:

3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցը վարելու դեպքում, ինչպես նաև մգեցված ապակիներով երթևեկելու համար սահմանվել է խրախուսական նորմ, որով անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ կամ տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները:
4. Խստացվել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքները:
5. Այսպես կոչված «համաներումը»՝
ա) 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասից և կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարվում է միայն տուգանքի մայր գումարը:
բ) 2015 թվականի հունվարի 9-ից մինչև 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Նկատի ունենալով, որ նշված ժամանակահատվածում կայացված ակտերի զգալի մասն ուղարկված չէ հարկադիր կատարման՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ծախսերը վճարելու պարտականություն չի առաջանում, սակայն եթե ակտն ուղարկված է հարկադիր կատարման, այս պարագայում կվճարվեն տուգանքի մայր գումարը և կատարողական ծախսերը՝ առանց ավելացված մասի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել