Ամառ-ձմեռ վերև ենք նայում, թե երբ ձյուն կգա, երբ՝ անձրև կամ կարկուտ, գյուղացիներն էլ առհասարակ ուղղակի կախման մեջ են բնության քմահաճույքներից: Ամեն անգամ, երբ առատ ձյուն է գալիս, սպասում ենք՝ արևը դուրս գա, հալացնի: Տպավորություն է, թե համայնքային իշխանությունների մեծ մասը բացակա է: Անկախությունից ի վեր: Արդեն 25 տարի:
Նույն բնության վրա հույս ենք դնում նաև այլ հարցերում: Երեխայի դպրոցի ընտրության հարցում առաջնորդվում ենք «որը մոտիկ է» սկզբունքով ու ասում՝ «սովորողն ամեն տեղ էլ կսովորի»: Այսինքն, եթե դպրոցը կարևոր չէ, բա էլ ինչի՞ եք երեխային տանում դպրոց, եթե սովորողն ամեն տեղ կսովորի, ուրեմն տանն էլ կսովորի, չէ՞: Կամ որ ասում ենք, թե ինչ-որ կարևոր բաներ «պետք է մարդու միջից լինեն», էլի բնությունը նկատի ունենք, այսինքն՝ ծնվելուց հետո մարդ չի փոխվո՞ւմ:

Շատերը սպորտով չեն զբաղվում, երեխաների ներկայությամբ ծխում են, ինչքան ուժ ունեն՝ իրենց և իրենց շրջապատի կյանքը փչացնում-կարճացնում են՝ զուգահեռաբար ասելով, թե ինչքան հատկացված է՝ կապրենք:
Էհ, էլ ինչի՞ ենք ասում, որ նորմալ պետություն չունենք: Ամեն ինչում հույսը բնության վրա դնող և բնությունն ամեն ինչի չափանիշ ընդունող մարդկանց պետությունն ինչի՞ է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել