Տարբեր ազգեր ծայրահեղ են տարբեր հարցերում: Մենք էլ բացառություն չենք կազմում: Մեր դեպքում դա հաճախ վերաբերվում է մեր էթնոգենեզին, մեր հազարամյա պատմական անցյալին, մեր մշակույթին, լեզվին և այլն:
Լեզուն լեզվամտածողության հիմքերից է: «Սովետ»-ից հետո մեզ մոտ սկսվեց լեզվի անաղարտացման զանգվածային գործընթաց, որը դեռ չի ավարտվել: Դա կարևոր գործ էր, սակայն այդ հարցում անգամ մեր ներքին ծայրահեղականությունը մինչ օրս բավական տեսանելի է:
Մեր գիտամասնագիտական որոշ շրջանակների կարծիքով «մահացու» վիրավորանք է, երբ, ասենք, միջազգային մասնագիտական տերմինները չեն հայաֆիկացվում: Դա երբեմն ընկալվում է որպես մեզ, մեր պատմությանը, մեր մշակույթին ուղղված վիրավորանք: Իմ կարծիքով, լեզուն՝ որպես շփման կարևորագույն նշանային համակարգ, պետք է լինի կիրառելի, հարմար, հասկանալի ու հասանելի:
Ամեն պարագայում ցանկացած լեզվական նորություն ու նորամուծություն, որ լեզվաբանները մոգոնում են, մտնելով հանրային կիրառման դաշտ, ստանում է իր արժանի գնահատականը. մի մասը կորում է առհավետ, մյուս մասը դառնում է կիրառելի՝ երբեմն, իհարկե, ենթարկվելով փոփոխությունների: Ցանկացած արհեստական կաղապարային ձևակերպումներ իրականում երբեք էլ չեն օգտագործվում:
Վերջերս մի գիրք էր ընկել ձեռքս (Ռ.Կ.Սաքապետոյան. «Բառագրքույկ. Նոր և նորակազմ բառեր հայերենում», 2014):
Չեմ ծուլացել, հանել եմ իմ կարծիքով առավել «օրիգինալ» բառերը, որոնք հեղինակն առաջարկում է որպես օտարաբանությունների կամ տերմինների հայկական տարբերակներ.
աթերոսկլերոզ-պնդերակություն
ալերգիա-հատկախտ
ակորդ-դաշնուրդ
անալոգիա-համաբանություն
անատոմիա-կազմաբանություն
անեկդոտ-պատահար, մանրադեպ
ասիստենտ-առընթերակա
ավտոբուս-հանրակառք
բազալտ-սևակուճ
բարել-տակառ
բալ-ուժաստիճան
բիլիարդ-գնդամուղ
բլիցկրիգ-շանթամարտ
բոլշևիկ-մեծամասնական...))
բրոնխիտ-ցնցղաբորբ
գաստրիտ-ստամոքսատապ
գեն-ծին
գինեկոլոգ-կնախտաբան
գլադիատոր-գազանամարտիկ
դեկոլտե-լանջաբաց
դետերմինիզմ-հատկավորություն
դիալեկտիկա-տրամախոհություն
դիեզ-կիսվեր
դիզենտերիա-թանչ/ք
դինամիզմ-ուժաբանություն
դիվերսանտ-խափանարար
էմբարգո-բեռնարգելք
էվոլյուցիա-բարեշրջություն
էֆտանազիա-բարեսպանություն
իդեալիզմ-գաղափարապաշտություն
ինդուկցիա-մակածում...)
լահմաջու(ն)-մսաշոթ
լավա-հրանյութ
լոխում-հանգստապատառ..)
խոլեստերին-մաղձետ
կալցիում-կրածին
կարբոնատ-բնածխատ
կլաուստրաֆոբիա-բանտավախություն
կոնտրաբաս-հակաբամբ
հումոր-զվարթախոհություն
մարազմ-զառամախտ
նավթ-քարյուղ
յոդ-մանիշ
մուտացիա-հանկարծաշրջում
շոկոլադ-կոլահատ
պյուրե-բուր
ռադիոակտիվ-ճառագայթագործոն
սենդվիչ-լոլաճ...))
տաքսի-վարձակառք
օպերա-երգախաղ
օրգանիզմ-գործարանավորություն
ֆոլգա-զառեկ
....և այլն

Հ.Գ. Կյանքը ցույց կտա, թե այս բառերից որոնք կիրառման դաշտ կմտնեն: Խնդիրն այն է, որ մեր երկրում գիտությունը, իսկ բառակազմությունը նույնպես գիտության ճյուղ է, անհասցե է, միշտ չէ, որ դնում է իր առջև կիրառական խնդիրների լուծում ու փորձում հասնել դրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել