2016-ի հենց առաջին օրերից մերձաավորարևելյան տարածաշրջանը հերթական քաղաքական փոթորկի մեջ հայտնվեց: Սաուդյան Արաբիան (+Բահրեյնը+ռեգիոնալ որոշ երկրներ) ու Իրանը շիա հոգևորականի մահապատժից հետո հայտնվեցին օր-օրի սրվող առճակատման մեջ:
Ավանդաբար ռեգիոնի գրեթե բոլոր երկրների համար Իրանի հնարավոր զարգացման ցանկացած սցենար դիտվել է որպես լրջագույն մարտահրավեր: 2015-ի ամերիկաիրանական համաձայնություներից հետո կարծես Իրանի համար նման «հզորացման դուռ» էր բացվել: Դա ռազմավարական, քաղաքական, ռազմական, տնտեսական-հումքային և մի շարք այլ գործոնների զորու առաջին հերթին շահեկան չէ Անկարային ու Էր-Րիադին: Ուստի լավ գիտակցելով շիա մահմեդական հոգևորականի մահապատժի ռեգիոնալ արձագանքը և հատկապես Իրանի հնարավոր գնահատականները՝ Սաուդները գնաց դրան: Տրամաբանական է, որ մինչ այդ քայլը և նրա ակնկալելի հետևանքները Սաուդայն Արաբիան քաղաքական խորհրդակցություններ էր անցկացրել ռեգիոնալ ու ոչ ռեգիոնալ իրենց որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ծոցի արաբական երկրների (Բահրեյն, Կատար և այլք), ԱՄՆ-ի, Թուրքիայի, հավանաբար Իսրայելի հետ: Որպես նման խորհրդակցություններից մեկի արդյունք, օրինակ, Թուրքիան ստացավ մոտ 650 մլդ դոլարի ներդրման փաթեթի հնարավորություն, որը հավանաբար կուղղվի ոչ միայն թուլացնելու ՌԴ-ի տնտեսական պատժամիջոցների հետևանքերը տնտեսության վրա, այլև ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում կխորացնի թուրքական տնտեսության զարգացման հնարավորությունները:
Մերձավոր Արևելքում ճգնաժամի նոր աղբյուրի որոշակիացումը ու դրա հնարավոր զարգացումն ուղղակիորեն կապված է մեր փոքրիկ ու խոցելի ռեգիոնի հետ: Մեծ հաշվով Հվ.Կովկասի երկրներն այսօր գտնվում են սպառնալիքների ու վտանգների արտահանման ռիսկի առաջին գոտում:
Այս առումով ինչ ունենք այսօր ռեգիոնում. ունենք ռուս-թուրքական բավական սրված հարաբերություններ, լարվածության աճ ԼՂ հակամարտության գոտում և միջնորդների ջանքերի ակտիվացում, ՀԱՊԿ-ի սուր քննադատություն ՀՀ-ի կողմից, ունենք Նարդարանում շիաների «ապստամբություն» ու Ադրբեջանի կողմից դրա բռնի ուժով ճնշում, Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ որոշակի պատժամիջոցներ, Բաքու-Անկարա ռազմավարական գործակցություն (կամ գոնե դրա գոյության արտաքին փաթեթավորում), ունենք նավթի գների լուրջ իջեցում ու դրանից բխող տնտեսական սուր խնդիրներ Ադրբեջանում, ՌԴ-ում, ունենք ԵՄ-Վրաստան հարաբերությունների խորացում ու կառավարչական անորոշություն Վրաստանում:
Եվ այս գործոններն իրենց վրա զգում են մեկ այլ՝ կարևոր իրողության կայուն ազդեցություն. տարածաշրջանի բոլոր երկրները կայուն ինտենսիվությամբ զինվում ու ռազմապաշտպանական համակարգի արդյունավետությանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկում: Ի դեպ, այդ գործընթացներում մեր երկիրը վերջին տեղեր չի զբաղեցնում:
Վերոշարադրյալի ներքո Հվ.Կովկասը, մի կողմից՝ հենց ինքն ունենալով ներքին անկայունության էական պաշար, փաստացիորեն կհանդիսանա այն «պատվարը», որն արտաքին բարձր անվտանգային ռիսկերի պարագայում ոչ միայն «պետք է փորձի» դիմագրավել հարավից եկող սպառնալիքներին, այլև «պետք» է խոչընդոտի նրանց անցումը դեպի ՌԴ-ի հարավային սահմաններ:
Ընթացքիկ տարին, կարծում ենք, բավական կարևոր փորձաքար կլինի ռեգիոնի երեք ճանաչված երկրների՝ արտաքին քաղաքական ուղեգծերի հիմնավորման ու արդարացվածության ստուգման տեսանկյունից: «Ստուգումներ», որոնց հիմքերը դրվել են 2015-ի զարգացումներում: Գործնականում հստակ տեսանելի կլինի, թե որքանով են հայ-ռուսական գործակցային հարաբերություններն արդյունավետ ու փոխշահավետ, որքանով Ադրբեջանը կշարունակի հավատարիմ մնալ Թուրքիայի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սիրախաղին, և վերջապես որքանով է ռեալ վտանգների պարագայում արդարացված Վրաստանի՝ ԵՄ-ին ասոցացվելու/ինտեգրվելու քաղաքականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել