Lragir.am-ը գրում է․
Կանխատեսումներն ընդհանրապես անշնորհակալ գործ են, առավել եւս ներկայիս դինամիկ փոխվող աշխարհում: Դրանք մի քանի նպատակ են հետապնդում՝ սկսած կոնյունկտուրայից մինչեւ նախազգուշացում, ըստ այդմ՝ դրանց հիմքում ընկած են տարբեր մեթոդոլոգիաներ: Սակայն, Հայաստանի դեպքում բավական հստակ պատկեր կարելի է ուրվագծել 2016 թ. համար, նկատի ունենալով թե հայկական քաղաքական համակարգի բնույթն ու մոտիվացիաները եւ ըստ այդմ՝ կանխատեսելությունը, թե Հայաստանի շուրջ զարգացումների տրամաբանությունն ու առկա տեղեկատվությունը:

Եվ այսպես, ի՞նչ է սպասվում Հայաստանին 2016 թ.:

Սոցիալ-տնտեսական ոլորտ. Հայաստանի կառավարության անդամներն ու վարչապետն արդեն չեն թաքցնում, որ տարին բարդ է լինելու, թեեւ մեկ տարի առաջ ԵՏՄ-ին անդամակցելով խոստանում էին զանազան պրեֆերենցիաներ: Այդ վիճակի լավագույն ապացույցը 2016-ի բյուջեն է, որը, մասնագետների խոսքով, նույնիսկ գոյատեւման բյուջե էլ չէ, այլ նկարագրությունների, ինչ որ ծրագրերի ու հետեւությունների «կարկատան», որի նպատակն ընդամենն իշխող համակարգի կենսագործունեության ապահովումն է:

Հայաստանը կշարունակի կախված մնալ Ռուսաստանից ու պրո-ռուսական տնտեսական նախագծերից, իսկ դա նշանակում է, որ տնտեսությունը կշարունակի անկումը բոլոր ոլորտներում, որքան էլ ԱՎԾ-ն տնտեսական ակտիվության դրական ցուցանիշներ հրապարակի: Ռուսաստանի տնտեսական ցուցանիշներն, ըստ այդ երկրի համապատասխան պաշտոնական մարմինների, 2016 թ. կշարունակեն անկում ապրել, ինչն ուղիղ կանդրադառնա Հայաստանի իրավիճակի վրա: Տրանսֆերտները կնվազեն, կընկնի բնակչության գնողունակությունը՝ դրանից բխող «շղթայական» ցիկլով:

Բանն այն է, որ Հայաստանն «ընտրել» է այնպիսի տնտեսական համակարգ, որը գտնվում է «հակառակ տրամաբանության» մեջ: Աշխարհի մի մասում նավթի ու էներգակիրների գնի նվազումը հանգեցնում է տնտեսական ակտիվության ու բնակչության բարեկեցության աճի, իսկ մյուս մասում՝ հակառակին: Հայաստանն աշխարհի հենց այդ մյուս մասում է, եւ եթե դուրս չգա այնտեղից, ապա որեւէ հեռանկար չի ունենա եւ կվերածվի հետամնաց ագրարային-արհեստավորական երկրի:

Արցախի հարց. Տարեվերջին տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որի ժամանակ, ըստ համանախագահների հաղորդագրության, քննարկվել են հրադադարի պահպանման ու շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների ներդրման հարցերը: Այս հարցը քննարկվելու է ԱՄՆ Կոնգրեսում: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ մոտակա ամսվա ընթացքում հնարավոր է այդ խնդիրն իրականություն դառնա: Սակայն շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրմանը դեմ են Ռուսաստանն ու Ադրբեջանը, քանի որ դա ինչ որ առումով նշանակում է ստատուս-քվոյի պահպանում, եւ այդպիսով նրանք կորցնում են խաղաղարարներ տեղակայելու եւ շանտաժի հիմնական լծակները:

Հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակեց սրել լարվածությունը, եւ եթե համանախագահները համակարծիք չլինեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հարցում, պետք է ենթադրել, որ 2016-ին լարվածությունը եւ սադրանքները կշարունակվեն: Բանն այն է, որ Ադրբեջանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ լարված են, արդեն խոսք է գնում պատժամիջոցների մասին: Այս իրավիճակից կարող է օգտվել Ռուսաստանը, որը, չնայած վերջին շրջանի իրադարձություններին, երեւում է չի հրաժարվել իր մտադրություններից:

Անվտանգության խնդիրներ. Պրո-ռուսական նախագծերին Հայաստանի անդամակցությունը հայկական իշխանական-չիշխանական «էլիտան» պայմանավորում էր նաեւ անվտանգության խնդիրներով: Այդ նախագծերին անդամակցելուց հետո մեկ տարվա ընթացքում լարվածությունը շփման գոտում աճեց, մեծացավ զոհերի թիվը եւ կիրառվող զենքի մակարդակը:

Բացի այդ, այդ նախագծերի շրջանակներում մի շարք ռազմա-քաղաքական պայմանագրերը բացառում են երրորդ կողմերի հետ Հայաստանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Սակայն, ամենակարեւորը՝ Հայաստանը վերջին շրջանի իրադարձությունների արդյունքում կարող է հայտնվել Արեւմտյան հանրության, ՆԱՏՕ-ի հակառակորդի դերում՝ դրանից բխող հետեւանքներով:

Ռուսաստանը շարունակելու է զինել Ադրբեջանին, միեւնույն ժամանակ զենք չմատակարարելով Հայաստանին: Արդեն տեւական ժամանակ ակնարկներ են արվում, թե Հայաստանը ստանալու է գերժամանակակից մարտավարական սպառազինություն, սակայն երեւում է դա բլեֆ է, այլապես դաշնակիցների միջեւ ռազմական համագործակցությունը պատված չէր լինի խորհրդավորության քողով: Ինչո՞ւ է Ադրբեջանին զենքի մատակարարումը հրապարակային, իսկ Հայաստանի հարցում բանն ակնարկներից այն կողմ չի անցնում:

Տարեվերջին ՀԱՊԿ վեհաժողովում Սերժ Սարգսյանը կշտամբեց ՀԱՊԿ «դաշնակիցներին» Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան չդատապարտելու համար: Դրանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարություն տարածեց լարվածության անթույլատրելության վերաբերյալ, շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է: Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը այլեւս գոյություն չունի, եւ պաշտպանության ոլորտում Հայաստանն անցնում է Ռուսաստանի «ուղիղ տնօրինությանը»:

Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը որոշ առումով «զսպիչ» դեր էր կատարում Ռուսաստանի համար, քանի որ այդ դաշինքում հավաքված պետություններն ունեն տրամագծորեն հակառակ շահեր, եւ օրինակ Մոսկվան այդպես էլ չկարողացավ Թուրքիային դատապարտող հայտարարություն պոկել ՀԱՊԿ-ից:

Այս ֆոնին, ռուս-թուրքական առաջիկա հաշտեցման փուլում Հայաստանը հայտնվելու է վտանգավոր իրավիճակում, քանի որ այդ հաշտությունն ակնհայտորեն ձեռք է բերվելու նաեւ Հայաստանի շահերի հաշվին:

Ներքին քաղաքականություն. Այստեղ ակնհայտորեն շարունակվելու է կրկեսը, քանի որ հայկական այսպես կոչված քաղաքական ուժերն ընդունակ չեն ավելիին: Հայաստանը մտնում է նախընտրական փուլի տրամաբանության մեջ, եւ իրական պայքարն, ինչպես նախկինում, ծավալվելու է ներիշխանական խմբավորումների միջեւ: Այդ պայքարում կուսակցություններն ունենալու են ցուցանակի ու «լեգիտիմացնող» դեկորների դեր:

Նման դեր է վերապահված նաեւ այսպես կոչված ընդդիմությանը, որը ոչ այլ ինչ է, քան իշխող համակարգի խղճուկ շարունակությունը: Ընդդիմությունը 2016 թ. շարունակելու է հետեւողականորեն պատռել «հանցավոր ռեժիմի դեմքը» եւ խոստանալ շուտափույթ իշխանափոխություն: Ներկայիս ընդդիմությունն իդեալական է իշխող համակարգի, ինչպես նաեւ արտաքին շահագրգիռ կողմերի համար՝ իրենց «սկզբունքները», նպատակներն իրականացնելու համար: Այն ապագաղափարական է եւ ընդունակ չէ առաջադրել իրական խնդիրներ ու լուծել դրանք:

2016-ին Հայաստանում հնարավոր է առաջանա իրական ընդդիմություն, համենայնդեպս դրա բոլոր նախադրյալները կան: Թե ինչ մեթոդոլոգիայով ու գաղափարներով կարող է հաջողության հասնել այդ ընդդիմությունը՝ հետագայի խոսակցության թեմա է, երբ այն արդեն հրապարակ իջնի:

Արտաքին քաղաքականություն. Չնայած Հայաստանի ներքին ու արտաքին բավական բարդ իրավիճակին, մասնավորապես մեր տարածաշրջանում ներկայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նաեւ մեծ հնարավորություններ են բացում Հայաստանի համար: Ընդ որում, այդ իրադարձությունները կարող են այնպիսի ընթացք ու տրամաբանություն ստանալ, որ Հայաստանը «մի գիշերում» հայտնվի այլ համակարգում, եւ ոչ ոք չի հարցնելու հայկական իշխանության ու հանրության կարծիքը: Դա ներկայում ոչ մեկին չի հետաքրքրում, քանի որ այն զուրկ է որեւէ բանականությունից ու ինչ որ հանգրվաններում խոչընդոտ է դառնում նոր աշխարհակարգի ստեղծման ճանապարհին: Այդ հանգամանքը չեզոքացվելու է, եւ հնարավոր է՝ ամենակոշտ եղանակներով, քանի որ Հայաստանը գտնվում է կարեւոր դիրքում:

Միով բանիվ, Հայաստանին սպասվում է հագեցած, սպառնալիքներով, վտանգներով ու հնարավորություններով լի տարի, որքան էլ հայ հանրությունը երազում էր նույնիսկ իր ինքնիշխանությունը հանձնելու գնով ազատվել պարտավորություններից ու պատասխանատվությունից՝ սեփական պետության ու աշխարհի առջեւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել