Lragir.am-ը գրում է․
Տարեվերջի կառավարության նիստում, երբ քննարկվում էր Ամանորից հետո աշխատանքային օրերի հարցը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը նախարարների հետ աշխատանքի է ներկայանալու այսօր՝ հունվարի 4-ին: Տնտեսական աղետալի վիճակի առաջ կանգնած երկրի կառավարությունն իհարկե ընդհանրապես չպետք է հանգստյան օրեր ունենա, եւ Հովիկ Աբրահամյանի քայլը տրամաբանական է ու տեղին:

Բայց ի՞նչ կարող է անել այդ կառավարությունը, որն ակնհայտորեն ձախողել է սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ «աչքի է ընկել» միայն նրանով, որ իր ոչ այնքան երկար գոյության ընթացքում 1,5 միլիարդ դոլարով ավելացրել է պետական արտաքին պարտքը: Դրա համար նույնիսկ օրենք ընդունեցին, որպեսզի հանեն բոլոր տեսակի պարտքային «շեմերն» ու սահմանափակումները:

Արեւմտյան ֆինանսական կառույցները շարունակում են վարկեր տալ երկու նպատակով՝ Հայաստանի ֆինանսական համակարգի փլուզումը թույլ չտալու եւ արդեն իսկ տված վարկերի վերադարձելիությունն ապահովելու համար: Հովիկ Աբրահամյանը սա բացատրում է նրանով, որ վստահում են Հայաստանի կառավարությանը, ինչը ծիծաղելի է թե առաջին, թե մյուս հայացքներից: Բավական է հետեւել միայն հակակոռուպցիոն հանձնաժողովի շուրջ ծավալվող իրադարձություններին, հասկանալու համար, թե իրականում ինչպես են վերաբերվում ՀՀ կառավարությանը:

Իր հերթին, Եվրասիական միությունը, որին արդեն մեկ տարի անդամակցում է Հայաստանը, ցույց տվեց ոչ միայն իր անկենսունակությունը, այլեւ խոչընդոտ է դարձել Հայաստանի համար կենսական ծրագրերի իրականացմանը: Հայաստանի կառավարությունը հույս ուներ մաքսային հավաքագրումներից ստանալ ընդհուպ մինչեւ 1 միլիարդ դոլար, սակայն տարվա արդյունքում ստացավ ընդամենը 30 մլն դոլար: Բացի այդ, ԵՏՄ-ում Հայաստանը գրանցեց աննախադեպ անկումներ տնտեսության բոլոր ոլորտներում՝ հեռանկարների իսպառ բացակայության պայմաններում:

Սակայն, այս ամենը միաժամանակ ցույց է տալիս, թե ինչ պետք է անի ՀՀ որեւէ կառավարություն երկիրն այս փակուղուց հանելու համար: Առաջին՝ տնտեսության կառուցվածքի, տնտեսական հարաբերությունների փոփոխություն եւ կոռուպցիայի դեմ պայքար: Երկրորդ՝ Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական միությունից եւ իրեն չսահմանափակի արտաքին ու ներքին տնտեսական ծրագրեր իրականացնելու հարցում:

Կարո՞ղ է արդյոք Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կատարել այս երկու քայլերը:

Առաջինի դեպքում կառավարությունը, որը ձեւավորվել է քրեա-օլիգարխիկ «հեղաշրջման» արդյունքում՝ սեփական դիրքերի ու անօրինական քվոտաների պաշտպանության համար, փաստացի գործելու է ինքն իր դեմ, իսկ կոսմետիկ քայլերը որեւէ բան չեն փոխելու իրավիճակում, որը շարունակելու է բարդանալ:

Երկրորդ պարագայում, թեեւ վերջին շրջանում կառավարության անդամները զգուշորեն իրենց դժգոհությունն են հայտնում պրո-ռուսական նախագծերից, սակայն նույն այդ նախագծերը հայկական քրեա-օլիգարխիայի տնտեսա-քաղաքական տանիքն են ու «անվտանգության երաշխավորը»: Համենայնդեպս, քրեա-օլիգարխիան այդպես է պատկերացնում իրավիճակը եւ մեկ տարի առաջ այսպես կոչված քաղաքական ուժերի աջակցությամբ երկիրն այդ նպատակով մտցրեց ԵՏՄ:

Հասկանալի է, որ կառավարությունն այս քայլերին չի գնա՝ սեփական դիրքերը հարվածի տակ դնելու սպառնալիքով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվելու: Իհարկե, հանուն ճշմարտության, պետք է նշել, որ Հովիկ Աբրահամյանը բյուջեն ներկայացնելիս այդպես էլ ասաց, դա բացատրելով «օբյեկտիվ» հանգամանքներով, սակայն հասկանալի է, որ այդ հանգամանքները ենթադրում են քրեա-օլիգարխիայի դիրքերի պաշտպանությունը:

Խնդիրը շատ պարզ է, լուծումները՝ նույնպես՝ ներքին ռեֆորմացիա եւ հրաժարում ԵՏՄ-ից: Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունն իսկապես անկեղծ ցանկանում է բացել Հայաստանի հեռանկարները, հունվարի 4-ին աշխատանքի ներկայանալով պետք է երկու դիմում ներկայացնի՝ մեկը Եվրասիական միությունից դուրս գալու, մյուսը՝ հրաժարականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել