Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մերժեք Աստծու խոսքը լսել, որովհետև եթե նրա հրամանները մարդկանց փոխանցող Մովսեսին չհնազանդվողներն ազատում չունեցան, մենք բնա՛վ ազատում չենք ունենա, եթե թիկունք դարձնենք Աստծուն, որ երկնքից է իր խոսքն ուղղում մեզ։ Նրա ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ մնում է նրա խոստումը, որ ասում է. «Մի անգամ ևս պիտի շարժեմ. և ոչ միայն երկիրը, այլ երկինքն էլ»։ «Մի անգամ ևս» խոսքը ցույց է տալիս, որ ստեղծագործության մեջ խախտված բաները կփոխվեն, մինչդեռ անշարժ մնացածները անփոփոխ կմնան։
Հետևաբար, երախտապարտ լինենք, որ Աստված անսասանելի մի թագավորություն է տալիս մեզ։ Եվ այդ երախտագիտությամբ էլ ծառայենք Աստծուն այնպես, ինչպես հաճելի է իրեն՝ հարգանքով և պատկառանքով...
Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար։ 2 Մի՛ մոռացեք հյուրասեր լինել: Հիշեցե՛ք բանտում եղողներին՝ դուք ձեզ բանտակից զգալով նրանց։ Հիշեցե՛ք նաև չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով։
Բոլորդ էլ պատվեցե՛ք ամուսնությունը և սո՛ւրբ պահեցեք ամուսնական կապը, որովհետև Աստված դատապարտում է շնացողներին և պոռնկություն անողներին։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր կյանքում. բավարարվեցե՛ք ձեր ունեցածով, որովհետև Աստված ինքն է ասում. «Քեզ երեսի վրա չեմ թողնելու և երբեք չեմ լքելու»։ Այնպես որ համարձակությամբ ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, ուստի չեմ վախենում ես. մարդն ի՞նչ կարող է անել ինձ»։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:25-13:6)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել