Սաուդյան Արաբիայում երեկ գլխատման միջոցով մահապատժի ենթարկեցին չորս շիաների, որոնց թվում էր հայտնի հոգևորական, շեյխ Նիմր Բաղիր ալ-Նիմրը, ով Արաբական թերակղզու շիաների թերևս ամենանշանավոր առաջնորդն էր:
Առավել զավեշտալին այն էր, որ «ալ-Կաիդայի» ահաբեկչների հետ միևնույն շարքում և ահաբեկչության մեղադրանքով գլխատված շիայական շեյխը իրականում գլխավորում էր Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի շիաների իրավունքների համար պայքարող շարժումը` իր հետևորդներին կոչ անելով օգտագործել ոչ թե բռնությունը, այլ խոսքի ուժը:
Ըստ էության, Ռիադն այս սադրիչ քայլով գլխատեց հենց այն փխրուն ստատուս քվոն, որը չնայած շիա-սուննի հակամարտության զանազան դրսևորումների, դեռևս առկա էր Մերձավոր Արևելքում՝ սկիզբ դնելով նոր ապակայունացման, ինչի հետևանքները կարող են արյունալի բախումների ուղղակի կործանարար դուռ բացել առանց այն էլ կրոնական հողի վրա ծվեն-ծվեն եղած ողջ տարածաշրջանում:
Ուշագրավ է, որ բռնի մեթոդներով շիայական շարժումները ճնշելու գործում անցյալ տարեվերջին Նարդարանում աչքի ընկավ նաև Բաքվի բռնապետի վարչակարգը, ինչի համատեքստում ամենևին չի կարելի բացառել, որ այն օժանդակություն է ստանում նաև տարածաշրջանի հակաշիայական և հակաիրանական հենց այն ուժերից, որոնց գործողություններն ակնհայտորեն ուղղված են Թեհրանի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել