Այսպես անհնար է, քայլել-քայլել ու չիմանալ, թե ուր ես գնում։ Հույսը կաթվածահար է արել բոլորիս, հույսով ապրելն ընդամենը անիմաստ փորձեր են ինքդ քեզ խաբելու։ Ապագային միտված գաղափարներն այնքան անհեթեթ են թվում, որովհետև դրա մեջ ներկան բացառվում է։ Ապագան չի կարող կառուցվել մի քանի հարյուր մարդու համար, ապագան բոլորի համար պետք է լինի։ Իսկ այդ ծրագրերում, ոչ մի տեղ սահմանին կանգնած զինվոր չկա, նրանց տեղը միայն սահմանին է նախանշված։ Նրանք այնտեղ են, նրանց զավակները նորից այնտեղ են լինելու, նրանք չեն վերադառնալու երբեք սահմանից, այսինքն՝ պատերազմից։
Անընդհատ մտածում եմ՝ երբ ենք թափ տալու մեզ, երբ ենք զգալու, որ այն ճանապարհը, որով գնում ենք, չի տանում ոչ մի տեղ։ Նորմալ չի այսքան դարեր պետություն չունենալ ու այսպես վարվել փափագած այդ պետության հետ, նորմալ չէ այսքան աղքատ քաղաքացիներ ունենալ քո երազած պետության մեջ, արդար չէ այսքան կիսաքաղց երեխաներ տեսնել կուչ եկած սառը կացարաններում ու զուգահեռ ինչ-որ բաներ անել։ Եվ երբ այս ամենը վաղուց թողել ես՝ սողսկի քո ներսն ու խժռի քեզ, ի՞նչ կարող ես ասել տարվա բոլոր օրերին, լինի դա Ամանորի գիշերը կամ սովորական մի օր, որտեղ ամեն ինչ նույն է, ինչ այդ ամանորյայի մեջ։ Իսկ այսօր պաշտոնյաները նվերներ են տարել զինվորներին, տանողները նրանք են, ովքեր թալանում են Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այս թվում նաև՝ զինվորներին և կիսաքաղց երեխաներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել