Անցնող տարին լի էր կարևոր տնտեսական, քաղաքական իրադարձություններով և մարտահրավերներով: Եղան բազմաթիվ բացթողումներ, տնտեսական հարվածներ արտաքին շուկայից, հաջողություններ: Իրականացվել են մի շարք ծրագրեր: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մի շարք իրադարձություններ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով բացասականորեն ազդեցին նաև Հայաստանի վրա:

Այնուամենայնիվ, պետության կողմից ձեռնարկված քայլերը որոշակիորեն մեղմեցին արտաքին «հարվածները»: Ավելին՝ Հայաստանը նույնիսկ ապահովեց տնտեսական աճ: Այս պայմաններում տրամաբանական էր, որ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ակնկալում էին զրոյական կամ բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Ի տարբերություն կատարված կանխատեսումների՝ այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ 3 տոկոս:
Մասնավորապես արդյունաբերությունում գրանցվել է 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 11.6 տոկոս, ծառայությունների ոլորտում, առանց առևտրի՝ 3 տոկոս աճ: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4.1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով: Հաշվի առնենք, որ սա եղել է Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով անկման պարագայում:
Պահանջարկի նման նվազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է: Կարծում եմ, որ նման ցուցանիշները ցույց են տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը, և հույս ունեմ, որ գալիք տարում ոչ միայն կպահպանվի այս տենդենցը, այլ նաև կունենանք տնտեսական ավելի բարձր ցուցանիշներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել