Փորձենք ամփոփել անցնող տնտեսական տարին: Ինչ խոսք, համաշխարհային տնտեսությունը ենթարկվեց բավական լուրջ ցնցումների: Միջազգային ֆինանսական կառույցների զեկույցներով՝ անցնող տարին կարելի է համեմատել 2009 թվ.-ի տնտեսական ճգնաժամի հետ: Այդ ցնցումներից անմասն չմնաց նաև Հայաստանը, սակայն անգամ ծանր տնտեսական մարտահրավերների պայմաններում երկրում տեղի ունեցան բազմաթիվ տնտեսական բարեփոխումներ:

Տարեսկզբին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարած փոփոխությունների արդյունքում լուծում տրվեց փաստաթղթաշրջանառության շուրջ գոյություն ունեցող տարաձայնություններին: Դրա շնորհիվ շրջանառությունը փաստաթղթավորումով իրականացնող տնտեսվարողները սկսեցին վճարել ընդամենը 1,5% շրջհարկ:
Փոփոխություններից պետք է առանձնացնել նաև ընտանեկան ձեռնարկատիրությունը խրախուսող և գրեթե բոլոր պետական հարկերից ազատող արտոնությունը: Այլ կերպ ասած՝ գերփոքր տնտեսվարողներն ազատվեցին հարկերից:
Արտոնություն սահմանվեց նաև սահմանամերձ գյուղական համայնքներում տնտեսական գործունեություն իրականացնողների համար: Նրանք ազատվեցին հիմնական հարկերից:
Ոչ պակաս կարևոր էր նաև ՏՏ ոլորտի խթանումը, որը դրսևորվեց հարկային արտոնությունների տեսքով: Արդյունքում «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի ժամանակ արդեն 38 նորաստեղծ ձեռնարկություններ ցուցադրում էին իրենց աշխատանքները: Սպասվում է, որ մասնավոր-պետություն համագործակցության շնորհիվ շուտով կկառուցվի երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան:
Առանձնահատուկ որոշում էր չաշխատող մայրերի համար մայրության նպաստի սահմանումը: Եթե նախկինում այն տրվում էր շուրջ 13000 աշխատող կնոջ, ապա հաջորդ տարվանից դրանից կօգտվի շուրջ 30000 չաշխատող կին:

Այս տարի ՓՄՁ-ների թիվն ավելացավ 8000-ով:
ԵՏՄ անդամ երկրների շրջանակում ամենամեծ տնտեսական աճն արձանագրած Հայաստանը կարողացավ դիմակայել անցնող տարվա մարտահրավերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել