Այդ նույն օրերին, մինչ Հիսուսը տաճարում ժողովրդին ուսուցանում էր և Ավետարանը քարոզում, ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները երեցների հետ վրա հասան և ասացին նրան.
-Ասա՛ մեզ, դու ի՞նչ իշխանությամբ ես անում այս գործերը. ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը։
Հիսուսը նրանց պատասխանեց.
-Ես էլ ձեզ մի հարց տամ։ Ասացե՛ք ինձ, Հովհաննեսի մկրտելու իշխանությունը Աստծո՞ւց էր տրված նրան, թե՞ մարդկանցից։
Նրանք իրար հետ սկսեցին խորհել և ասել.
-Եթե ասենք՝ «Աստծուց», կասի՝ «Ուրեմն ինչո՞ւ չհավատացիք նրան», իսկ եթե ասենք՝ «Մարդկանցից», այն ժամանակ ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև բոլորն էլ համոզված են, որ Հովհաննեսը մարգարե է։
Ապա պատասխանեցին.
-Չգիտենք, թե որտեղի՛ց էր այդ իշխանությունը։
Հիսուսն ասաց նրանց.
-Այն ժամանակ ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս գործերը։
(Ղուկասի ավետարան 20:1-8)

Արդարև, մեզ պետք է այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված և բարձրացած ավելի վեր, քան երկինքները։ Մի քահանայապետ, որ պետք չունի ամեն օր զոհեր մատուցելու մյուս քահանայապետների նման, որոնք նախ իրենց և ապա ժողովրդի մեղքերի համար զոհեր են մատուցում, քանզի Քրիստոսը միայն մեկ անգամ ինքն իրեն մատուցեց իբրև հավերժական զոհ...
Մենք ունենք այնպիսի մի Քահանայապետ, որ նստած է ամենազոր Աստծու աթոռի աջ կողմում, երկնքում, իբրև պաշտոնյա երկնային Սրբարանի, այսինքն՝ այն ճշմարիտ խորանի, որ կանգնեցված է Տիրո՛ջ ձեռքով և ոչ թե մարդկանց։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 7:26-27, 8:1-2)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել