Օրերս Կենտրոնական դրամատան խորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջնելու է 1 տոկոսային կետով և դառնա 8,75 տոկոս: Հատկանշական է, որ սա արդեն այս տարվա երրորդ իջեցումն է այն դեպքում, երբ տարվա առաջին կեսին, ընդհուպ մինչև օգոստոս ամիսը, վերաֆինանսավորման տոկսադրույքը պահպանվում էր 10,5 տոկոսի վրա:
Հարկ է նշել, որ հենց այս գործիքով ԿԲ-ն անցած տարվա տարեվերջին կտրուկ միջոցների դիմեց: Անցյալ տարվա դեկտեմբերյան գնաճը, այսինքն՝ նաև դրամի կտրուկ արժեզրկումը զսպելու նպատակով, ԿԲ-ն ստիպված եղավ թանկացնել փողը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75 տոկոսից բարձրացվեց 1,75 տոկոսով՝ սահմանելով 8,5 տոկոս: Իսկ արդեն այս տարվա հունվարին այն ևս 1 տոկոսային կետով բարձրացվեց, ապա ևս 1 տոկոսային կետով փետրվարին` հասնելով 10,5 տոկոսի:
Կենտրոնական բանկի վերը նշված գործողությունները, ինչպես նաև մեր տնտեսության, հատկապես գյուղատնտեսության մեջ արձանագրված դրական տեղաշարժերը թույլ տվեցին զսպել գնաճի տեմպը: Տարվա ընթացքում այն աստիճանաբար նվազեց` ցած իջնելով անգամ ԿԲ սահմանած թույլատրելի` 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայքից: Ելնելով դրանից՝ արդեն օգոստոսին ԿԲ-ն փոքր-ինչ` 0,25 տոկոսով իջեցրեց վերաֆիանսավորման տոկոսադրույքը: Չնայած դրան՝ գնաճի տեմպը շարունակում էր նվազել: Այս տարվա նոյեմբերին արդեն արձանագրվել էր 0,6 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,3 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը, շարունակելով նվազել, ամսվա վերջին կազմել էր 1,2 տոկոս: Դրան արձագանքելով՝ ԿԲ-ն նոյեմբերին արդեն 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման տոկսադրույքը։ 
ԿԲ գնահատմամբ՝ արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները, այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև մոտակա ամիսներին:

Ստացվում է, որ մեր ներքին գների վրա կփոխանցվի արտաքին գնանկումային ազդեցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել