2015 թվականն օրեր անց կդառնա պատմություն: Յուրաքանչյուր տարեվերջ ևս մեկ առիթ է ամփոփելու տարին, առանձնացնելու ձեռքբերումները, նվաճումներն ու բացթողումները, հիշարժան իրադարձություններն ու դեպքերը, լավ և վատ հիշողությունները: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր և որպես Վահե Էնֆիաջյան՝ կարծում եմ, որ տարին հագեցած էր, լի անսպասելի և սպասված, հետաքրքիր և ոչ այնքան հետաքրքիր դեպքերով, մեր պետության համար վճռորոշ և նշանակալի իրադարձություններով:
Տարիներն անցնում են, կերտվում է պատմություն, այդ պատմության մեջ ամրագրվում և մարդկանց կողմից հիշվում են կարևոր և հիշարժան դեպքերը: Տարին ամփոփելիս չեմ կարող չհիշատակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արդեն մեկ դար է անցել, և այսօր հայ ազգը կա, ապրում է և արարում՝ ի հեճուկս Օսմանյան Թուրքիայի՝ հայ ազգին բնաջինջ անելու ծրագրին: Այժմ մենք ունենք պետականություն և հայրենիք, ունենք մարտունակ ազգային բանակ, ունենք Հայաստան-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնություն: Պետականության կազմավորումն եկավ ապացուցելու այն միտքը, որ ազգի ուժն ու հզորությունն իր ոգու մեջ է, պայքարող և հաղթական ոգու: Ապացուցվեց այն, որ դարեր ի վեր մեզ հանդիպած պատուհասներն ու խոչընդոտները ոչ միայն չընկճեցին մեզ, այլ էլ ավելի կոփեցին և ամրացրին, դարձնելով այնպիսի ազգ, որը մարդկային քաղաքակրթության ողջ ընթացքում կլինի առաջամարտիկ՝ ի հաշիվ ազգային յուրօրինակ արժեհամակարգի և հոգեկերտվածքի:
100 տարի հետո մեր ամենամեծ հաղթանակը հայ օջախներում լսվող մանկան ճիչն է՝ ի վկայության հայ ազգի և գենի շարունակության:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը շոշափելի արդյունքներ ունեցավ, այն ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ցույց տվեց պատմական իրականությունն ու փաստերը:
Այդ ժամանակահատվածում այնքան ակնառու էր ողջ հայության միասնականությունն ու համախմբվածությունը, ազգը միավորվել դարձել էր մի բռունցք՝ աշխարհին ցույց տալու պատմությունն ու ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը:
Վստահ եմ, որ եթե մենք այդ միասնականությունը ցուցաբերենք նաև մնացյալ հարցերում, ապա մեր երկրում կունենանք էական արդյունքներ և առաջընթաց: Ասել, որ մեր երկրում ամեն ինչ գերազանց է, իրավացի չենք լինի, ունենք բազում խնդիրներ և բացթողումներ գրեթե բոլոր բնագավառներում: Աղքատության բարձր ցուցանիշը և օրեցօր ավելացող արտագաղթը, գյուղական բնակավայրերի անմխիթար վիճակն ու գյուղացու սոցիալական ծանր վիճակը մեր երկրի համար օրհասական հարցեր են, բազմաթիվ բացեր ունենք նաև իրավական համակարգում: Այս և մյուս խնդիրները հրատապ լուծում են պահանջում, սրանք հարցեր են, որոնց ուշ լուծումը միայն վատ հետևանքներ կարող է ունենալ:
Պատկան մարմինները պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենան այս խնդիրների լուծմանը, հակառակ դեպքում պետք է պատրաստ լինեն դրանց վատթարագույն հետևանքներին բախմանը:
Այդուհանդերձ, բոլորիս կոչ եմ անում համախմբվել և մեզ տրված լիազորությունների սահմանում նպաստել մեր պետության բարգավաճմանը:
Որպես հասարակության համար կարևոր ձեռքբերում՝ տեղին է հիշատակել նաև մեր երկրում քաղաքացիական հասարակության ամրապնդումն ու կայունացումը: Ողջունելի է հատկապես այն փաստը, որ քաղհասարակության միջուկը երիտասարդությունն է, վստահ եմ, որ այսպիսի երիտասարդություն ունեցող ազգը վատ ապագա ունենալ չի կարող:
Սիրելի՛ հայրենակիցներ, տարին ավարտվում է, 2015 թ.-ին մեզ ընձեռված հնարավորությունների սահմանում հասցրեցինք շատ ծրագրեր իրագործել, համոզված եմ՝ 2016 թ.-ն էլ ավելի արգասաբեր և գործնական է լինելու՝ շնորհիվ բոլորիս աշխատանքի և վճռականության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել