Երևան, Հայաստան
Ց: 7°   Գ: -1°
24.12.2012  17:40

Ուրիխանյանը դատի է տվել բլոգերին և միլիոն է պահանջում

Edgar Barseghyan

Ահա և ես։ Նախ, հղումով կարող եք գտնել բուն նյութը, որը առիթ հանդիսացավ այն ամենի համար, ինչ հիմա կնկարագրեմ։ Ավարտվեց նախնական դատական նիստը, որը նվիրված էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ իմ, Demotivator.am կայքի սեփականատեր՝ Էդգար Բարսեղյանի դեմ ուղղված հայցին, որում նա պահանջում է (մեջբերում հայցադիմումից) «հայցվորի պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել Տ.Ու.-ից և որպես փոՂ(!)հատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձած փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։ Այդ պահանջների հետ մեկտեղ խնդրվում է քննել նաև Demotivator.am և Blognews.am (Բլոգնևս՝ ըստ հայցվորի փաստաբանի, բա, Aram Antinyan ջան, բլոգնևս) կայքերից և սոց. ցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը»:
Պաշտոնական մասի ավարտ։
Հիմա մի քիչ պատմեմ նիստից։ Ուրեմն, չգիտես ինչու, հայցվորը չէր ներկայացել անձամբ (ենթադրում եմ, որ շոփինգի էր), բայց նրա փոխարեն ներկայացել էին նրա օգնականը, փաստաբանը և մի խումբ տիկնայք և պարոնայք, որոնցից մի քանիսը ընթացքում հեռացվեցին նիստերի դահլիճից ռեպլիկների, «ռինգ-ռինգ, ռինգ-ռինգ» հեռախոսային զանգի և նման մանր-մունր դիսցիպլինար պատճառներով։
Դատավորի հարցին, թե արդյոք ես հետապնդել եմ հայցվորին վիրավորելու նպատակը, ամենայն անկեղծությամբ պատասխանեցի, և հիմա էլ եմ դրա մասին հայտարարում. «Ոչ, չեմ հետապնդել ու չեմ վիրավորել։ Պատկերի միջոցով փորձել եմ հասանելի կերպով փոխանցել այն միտքը, որ սկսնակ (էստեղ մունաթ փսփսոց դահլիճում), քաղաքական դաշտում դեռ երևելի հաջողությունների չհասած գործչի՝ ոճային ճանաչվելու ու դրանով հպարտանալու փաստը համարում եմ բավականին զվարճալի, այնպիսի մի բան, որը պետք է քննադատել, քանի որ մեր երկիրը շատ ավելի լուրջ չլուծված խնդիրներ ունի»:
Դատավորի հարցին, թե ինչ է նշանակում «Տարվա ոճային քաղաքական գործիչ»-ը, փաստաբանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց. «Դե, երևի ընդհանուր հետևել են իրա պահվածքին, հարցազրույցներին ու իրան են ճանաչել ամենաոճայինը»։ Այսինքն՝ մարդը մրցանակ է ստանում, բայց չգիտի, թե՝ հստակ ինչի համար։ Հա դե, պարզապես շատ ոճային եմ, դրա համար էլ տվել են։ Մոտավորապես այսպես, հավանաբար։
Իմ այն հարցին, թե որքան է վաստակում պատգամավորը, նրա փաստաբանը պատասխանեց. «Չգիտեմ»։ Իսկ ես ենթադրում եմ, որ բավականին շատ, եթե կարողանում է վարձատրել նրան 500.000 դրամով միայն այս գործի համար։ Բա, հարգելի ընտրողներ։ Իմացեք, թե ուր են գնում ձեր գումարները՝ խոսքի ազատության հետ սուրբ պայքարին։
Շատ ուրախացա, որ դատավորը ճանաչում էր Կուկրինիկս, Բիդստրուպ, Գոյա, Բոսխ, ինչով չէին կարող հպարտանալ հայցվորի ներկայացուցիչները։ Չեմ դասում իմ արածը իրանց շարքին, մի պարզ պատճառով. ես նկարել չգիտեմ, ու եթե մտածածս նկարեի, միգուցե իսկապես վիրավորական լիներ։
Մի խոսքով, դեռ իհարկե էլի կգրեմ այս գործի վերաբերյալ։ Նաև, եթե լինեն լրագրողների հարցեր, պատրաստ եմ դրանց պատասխանել։
Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 14-ին, ժ. 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ)։

Իսկ սա դատական պրոցեսի պատճառ դարձած նկարն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 8195 անգամ
Մեկնաբանել



Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
Loading...
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511