Lragir.am-ը գրում է․
Ժամանակ առ ժամանակ բարձր ատյաններում փակ խորհրդակցություններ են անցկացվում, որոնց արդյունքները ժողովուրդը պետք է տեսնի ապագայում։

Կառավարության նախորդ օրվա խորհրդակցությունը բաց էր։ Ըստ մամուլի, «Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդակցության նպատակն է հստակեցնել գերակա ծրագրերի շուրջ մոտեցումները»։

Բա։ Ոչ ավել, ոչ պակաս։

Հովիկ Աբրահամյանը երևի իսպառ մոռացել է, որ վարչապետի իր գործունեությունը սկսել է փակ խորհրդակցությամբ, որի նպատակի մասին արվել էր բարձրագոչ հայտարարություն. Հայաստանի օլիգարխները, այսինքն՝ իշխանությանը սերտաճած, պետական բյուջեից օգտվող, բայց այն համալրելուց խուսափող մեծահարուստները, այդ թվում և ինքը՝ նորընծան, պետք է սկսեն հարկեր մուծել։

Այսինքն, իջնեն ժողովրդի վզից։ Հաշմանդամների, թոշակառուների, ուսանողների ու աշակերտների, որոնց համար կենսական նշանակություն ունեն բյուջե հավաքագրվող գումարները։

Ուրեմն, Հովիկ Աբրահամյանը, մոտենալով իր վարչապետության երկրորդ ամանորին, որը հաշվետվության ժամանակ է, պետք է «նշեր», թե անցած 1,8 տարում ինչ փոփոխություն է եղել խոշոր հարկատուների ցուցակում, քանի անգամ… կամ գոնե քանի տասնյակ տոկոսով են աճել օլիգարխների մուծած հարկերը։ Լավ, գոնե ասեր, թե ինքն անձամբ ինչքան է օգնել բյուջեին՝ հարկեր չթաքցնելով։

Փոխարենը նա «նշել է, որ 2016 թվականին ևս կառավարությանը սպասվում է ծանրաբեռնված աշխատանքային գործունեություն»… Նա «կարևորել է… ընդգծել է»։

Ինչքան ջուրը շատ, էնքան լավ։ Եթե ջուրծեծիչ է պետք, դիմեք Գրիգոր Խաչատրյանին։

Բայց ով կարող է ասել, թե Տիգրան Սարգսյանը վատ էր «նշում… կարևորում… ընդգծում», որ Հովիկ Աբրահամյանն էդքան պայքարեց նրան պաշտոնանկ անելու ու աթոռը զբաղեցնելու համար։ Ժամանակին նույնիսկ հաշվել եմ նման փուչ բառերի քանակը Տ. Սարգսյանի կառավարության ծրագրում՝ «խթանել – 18, նպաստել – 18, ընդլայնել – 21, աջակցել – 24, բարելավել – 36, ապահովել – 47»…

Ճիշտ է, Տիգրան Սարգսյանը ուներ տնտեսական հայացքներ, որոշակի քաղաքական կողմնորոշում։ Նա համարում էր, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի հետ նույն մաքսային միության մեջ լինել, քանի որ ընդհանուր սահման չկա։ Եվ 3,5 տարի նախապատրաստում էր Եվրամիության հետ մերձենալու համաձայնագիրը…

Այն, որ նա վերջերս նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ինձ մի անեկդոտ հիշեցրեց Բրեժնևի մասին։ Լեոնիդ Իլյիչը տեսնում է դժոխքում Լենինին՝ Բրիջիդ Բարդոն գրկին նստած, ու ասում է սատանային, որ Լենինի տանջանքն է ուզում։ Սատանան պատասխանում է, որ դա Բրիջիդ Բարդոյի տանջանքն է։

Ճիշտ է, տվյալ դեպքում պարզ չէ, Տիգրան Սարգսյանի՞, թե՞ ԵՏՄ տանջանքն է նոր պաշտոնը, բայց ավելի անորոշ է, թե ինչը կարող է ստիպել Հովիկ Աբրահամյանին հիշել ու տանջվել իր անցկացրած փակ խորհրդակցությունների համար, եթե նա ընդհանրապես քաղաքական հայացքներ չունի, որպես օրինակելի օլիգարխ։

Երևի թե մի բան. որ իր վերադաս ու ստորադաս պաշտոնակիցների հետ միասին մի օր հայտնվի առնվազն այն վիճակում, որում իրենց տված աշխատավարձերով ու թոշակներով ապրող ժողովուրդն է։

Սա էլ կդառնա իմ ամանորյա մաղթանքը. թող ժողովուրդն ապրի Հայաստանում ոնց որ իշխանավորները, իսկ իշխանավորները՝ ժողովրդի պես։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել