Շուրջբոլորս տարի են ամփոփում: Ոնց հասկանում եմ՝ աշխարհից ետ չմնալու ու նրա տակտով շարժվելու համար ես էլ պետք է ամփոփեմ այն: Թվեր ու ստատիստիկաներ չեմ ներկայացնի, պաշտոններ ու կոչումներ չեմ շնորհի, ուղղակի կխոսեմ այն ամենի մասին, ինչ զգացել եմ 2015 թվականին...
Ամանորին և մահացած մարդկանց դեպքում նույն սկզբունքն է գործում՝ գնացողի հետևից կամ լավ, կամ՝ ոչինչ: Կներեք, հետագա տեքստիս մեջ վատն էլ կտեսնեք:
2015 թվականը սովորական տարի էր ու ոչնչով չտարբերվեց 2014-ից կամ 961-ից: Մարդիկ կրկին պայքարում էին հանուն սին արժեքների ու հանուն ոչնչի, իրար սպանում էին գումարի համար:
Հրաշք տեղի չունեցավ, ու մենք նույն տրամաբանությամբ թևակոխում ենք 2016 թվական: Հույս ունենալով, որ 2016-ը հենց այն տարին է, որը բեկումնային կլինի, որի ընթացքում կյանքն ավելի գեղեցիկ կդառնա, բայց մի պահ ետհայաց գցենք՝ ի՞նչ ենք տանում մեզ հետ 2016 թվական՝ Սիրիական կոնֆլիկտ, փախստականներ, տեռորիզմ, զենքի ապօրինի առևտուր, թրաֆիկինգ, նարկոբիզնես, ու չենք էլ պատրաստվում այդ ամենը 2015-ում թողնել, տանում ու տանում ենք ավելի մեծ եռանդով:
Ի՞նչ եք կարծում, մարդիկ դադարելո՞ւ են հագուստով դիմավորել մարդկանց, իհարկե՝ ոչ. 2016 թվականի հունվարի 1-ը սեղանների մրցավազքի սկիզբն է ու լավ հագուստի ցուցադրության օրը: Կարճ՝ Ով, որտեղից, որքան... Մարդիկ դադարելո՞ւ են կեղծավոր ժպիտներով նայել աշխարհին: 2016 թվականի հունվարի մեկը կազդարարի նաև մոռացված բարեկամների այցերի ու զանգերի սկիզբը: Մարդիկ դադարելո՞ւ են սերը վաճառքի առարկա դարձնելը: 2016 թվականի հունվարի մեկը կազդարարի կեղծ՝ «Ես քեզ սիրումների» սկիզբը: Այստեղ էլ հրաշքի չենք կարող սպասել, եթե անգամ այն շոկոլադե տուփը դու անկեղծ տարել ես մեկի տուն, ինքը դա կեղծավորությամբ կտանի հաջորդի տուն, հաջոդն էլ կասի. «Ձեռը քարի տա՞կ էր, որ էսի ա բերել» ու, եթե բախտդ չբերի, այդ շոկոլադը քեզ կհասնի իր մեջ շրջափուլի նեգատիվները հավաքած:
Լավ բաներ էլ կային 2015-ին, գոնե իմ համար: Կյանքն ավելի գեղեցկացավ, ու ընկերներիս մեջ լավ ու դրական փոփոխությունները նկատելի դարձան: Որոշները վերածվեցին ծանոթների, որոշները՝ ուղղակի դադարեցին գոյություն ունենալուց, իսկ մարդիկ էլ, որոնք ծանոթ էին կամ մինչ այդ ինձ անծանոթ, դարձան հարազատներ: Գուցե 2016 թվականին էլ որոշ մարդիկ հարազատի կարգավիճակից դառնան ծանոթներ, բայց դա արդեն 2016-ի մարտահրավերներն են: Կյանքում միակ կարևորը դա ընկերությունն է, մնացածը ժամանակավոր արժեքներ են:
Դէ ինչ՝ ամփոփեցի տարին, մնում է ասել՝ Շնորհավոր Ամանոր: Ուրախ եղեք, ժտացեք անկեղծ ու սիրեք մաքուր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել