Եթե սխալ քայլ է անում քաղաքական գործիչը, պատգամավորը կամ այլ հայտնի անձ, ազգովի դատափետում ենք նրան, բայց երբ անհատի հանդեպ սրիկայություն է անում որևէ այլ անհատ, բոլորը լռում են, թե լավ, իմ ի՞նչ գործն է, էդ իրենց ներքին «կուխնյան» էր, ի՞նչ խառնվեմ: Փաստորեն քաղաքական կամ շոուբիզնեսի հարցերում բոլորս փորձագե՞տ ենք, կարող ենք խորհուրդ տալ, թե ով ինչ խոսի, երբ անի, ոնց անի, բայց կողքինին ասելու դու սխալ ես, քո արածը մարդկություն չէր՝ չենք կարող: Շատ քչերն են (ու ես հարգանքով խոնարհվում եմ այդ պայծառ կերպարների առջև), որ ունեն այդ բնավորությունը, այդ որակը՝ սթափեցնելու իր սրիկայությամբ ուժեղացող տմարդիներին, սեփական անվճռականությամբ ուրիշի ճակատագիր կործանող արարածին: Դրա համար էլ այս երևույթներն արմատախիլ չեն արվում: Մոռանում ենք, որ հասարակության անպաշտպան ներկայացուցիչներ կան, որոնց ձայնը չի հասնում մեզ, բայց որոնք տառապում են: Լինի դա ամուսնու բռնությունից տանջվող կին, կամ աշխատավայրում ստորացվող բանվոր: 
Եթե մենք թույլ ենք տալիս, որ մեր հարևանությամբ գոյատևող անողնաշարները ստորաբար քայլեր անեն, ապա պիտի ավելի խելոք ձևով հանդուրժենք, որ իշխանավորներն էլ մեր գլխին պոպոք են ջարդում: Ծայրահեղ բան եմ ասո՞ւմ: Էդ ո՞նց է, քո կողքի բարոյական «ուռոդին» հանդուրժում ես, թե «լավ, դե հիմա մարդ ա, տամ սպանե՞մ», բայց որ ուժի ներկայացուցիչն է սխալվում՝ աղմուկ ես բարձրացնում: Ինչո՞ւ, դե որ էդպես է՝ նրան էլ է մայր ծնել, նա էլ քույր ու հարազատ ունի: Արդեն տեսնում եմ բարկացած հայացքները, լսում եմ՝ «էս աղջիկը հաստատ ցնդել ա»: Չէ, չեմ ցնդել, հիմա առանձին դեպքերից չի, որ խոսում եմ, ընդհանուր վիճակից է սիրտս ցավում: Ուզում եմ ասել, որ միայն գլխից բռնելով չի, որ մեր կյանքը պիտի լավանա, պետք է նաև ներքևից սկսել, թեկուզ մանր քայլերով: Հասարակությունը պիտի ինքը սկսի իրեն հարգել: 
Եթե «նստում» ես երթուղային ու հանդուրժում ամբողջ ճանապարհը կռացած գնալը, եթե փողոցն անցնում ես կարմիր լույսի տակով, լավ իմանալով, որ վարորդները մտքում կամ բարձրաձայն քեզ «նախշելու են», եթե… (ինքներդ շարունակեք ցանկը), ապա շատ բան մի էլ սպասիր կյանքից: 
Եթե ես պահանջում եմ, որ ինձ հարգեն, դա պիտի սկսեմ նախ ինքս ինձ հարգելուց: Մի քանի կոպեկով ծախվելով ի՞նչ մի հարգանքի պիտի արժանանանք, որ իշխանությունն էլ ասի «Պահո, սա ուժեղ ժողովուրդ է, ուզած-չուզած ինձ պիտի փոխեմ ու սկսեմ նորմալ աշխատել, որ շատ չդժգոհի»:
Եթե մարդիկ չընդունեն, որ հասարակությունը մեզնից՝ անհատներից է սկսվում, որ ԱՄԵՆ ՄԵԿՍ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ, ՄԵՐ ՀԵՐԹԻՆ որոշիչ ուժի մաս ենք, որ ամեն մեկիս բարոյական նկարագիրը նշանակալի է ընդհանուր հասարակական պատկերի հզորացման ու մաքրման համար, ապա պետք է հայտարարել «Ի պաշտպանություն քննարկվող ու մեղադրվող քաղաքական դեմքերի ու հայտնիների» շարժման սկիզբ: 
Եկեք այս եթե-ները միասին վերացնենք, հա՞, ես արդեն սկսեցի իմ բաժինը ;)
Հ.Գ. Ի դեպ՝ «հայ» բառը ճապոներեն նշանակում է «այո»: Ճապոներենն այստեղ հեչ կապ չուներ, բայց սադրում եմ, որ ասեք հայ-հայ ))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել