Կապ չունի, թե ինչքան լայք են հավաքում զինվորների մասին գրառումները, ու քանի ռազմահայրենասիրական էջեր ու խմբեր են գործում Ֆեյսբուքում։ Ես հարցը դիտարկում եմ գործնական օգուտի ու դրական վերաբերմունքի նյութական արտահայտման պրիզմայից էլ, չնայած որ այնպես չէ, որ Ֆեյսբուքում հանցագործներն արժևորված չեն։

Տեսեք. երկու օր առաջ Արցախյան պատերազմի լեգենդ, ԻՍԿԱԿԱՆ զորավար ու հանճարեղ մարդ, գեներալ-լեյտենանտ Քրիստաֆոր Իվանյանի ծնունդն էր։ Դրա մասին թեմատիկ գրառումներ, իհարկե, եղան, բայց դրանց առաջացրած ռեզոնանսը մինիմալ էր, իսկ նոր սերնդի ճնշող մեծամասնությանն այդ անունը ոչինչ չի ասում։ Փոխարենը՝ բավական է նյութ հրապարակվի Սվո Ռաֆի, Դեդ Հասանի, Երրորդմասցի Լյովիկի, Ծգլ-Տլեների մասին, ու մի աժիոտաժա սկսվո՜ւմ... Տպավորություն է, որ գործ ունենք ոչ թե հանցագործների (ընդ որում՝ ռեցեդիվիստների), այլ ազգային հերոսների հետ։
Սա էլ մի կողմ։ Ի՞նչ կասեք, եթե ես Ձեզ ասեմ, որ գաղութներ «գրեֆ» անգամներով ավելի շատ է գնում, քան զորամասերում ծառայող ու հոսպիտալներում բուժվող զինվորներին՝ նվերներ ու ծանրոցներ։ Ամենայն լրջությամբ։ Ես մինչև օրս էլ գիտեմ մարդկանց, ովքեր որոշակի պարբերականությամբ փող են հավաքում ու առևտուր են անում, որպեսզի այդ ամենն ուղարկեն գաղութ՝ իրենց համար միանգամայն անծանոթ մարդկանց։ «Նեղ կյանքով ապրողներին» են օգնում...
Ինձ համար սա անհասկանալի է, որովհետև նույն այդ մարդկանցից ոչ մեկին չգիտեմ, որ գոնե մեկ տուփ լուցկի հենց այնպես ուղարկի զորամաս, եթե այնտեղ իր ծանոթն ու բարեկամը չի ծառայում։ Ստացվում է, որ գործնական դաշտում, մեր հասարակությունում սահման պահող զինվորն ավելի քիչ է կարևորվում, քան նույն հասարակության առջև մեղանչած գողն ու ավազակը։
Թարգեք 90-ականներից կտակ մնացած այդ անհեթեթ ավանդույթը։ Էդքան մեծ սիրտ ունեք, որ անպայմանորեն ուզում է օգնել «նեղ կյանքով» ապրողին, օգնեք նեղ խրամատում ծառայություն անցնողին։ Օգնեք քաղցրավենիք ու համով բաներ ուղարկելով, իսկ ավելի լավ է՝ ոչ լեգալ սպառազինություն (հեռադիտակներ, ջերմադիտակներ, կողմնացույցներ և այլ միջոցներ) գնելով ու ուղարկելով։ Դա հաստատ ավելի կարևոր է, քան կրկնահանցագործին կրված ղումարի հարցում կամ էլ պռոստը թիթիզ սնվելու ու հագնվելու հարցում օգնելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել