Ընդունելով և ոգևորվելով մի շարք ընկերներիս կոչը և կոչից` շարունակում եմ գրեթե օն-լայն ռեժիմով ներկայացնել ես-պոլիկլինիկա ռազմաճակատի հաջորդ փուլը: Ինչպես հիշում եք` ինձ պետք է երեք տեղեկանք` 1. որ հոգեկան հիվանդություն չունեմ և չեմ ունեցել, 2. որ նարկոլոգիական հիվանդություն (կախվածություն) չեմ ունեցել ու չունեմ, 3. որ տուբերկուլյոզ չեմ ունեցել և չունեմ: Նախ ասեմ, որ այս օրերին իմացա, թե տուբերկուլյոզն ինչ է, և այն, որ առաջին և երկրորդ տեղեկանքներն իրականում մի հատ են:
Այսօր առավոտվանից կրկին Աբովյան քաղաքակի պոլիկլինիկայում էի ու քանի որ արդեն «անկետա» ունեմ, միանգամից գնացի հոգեբույժի մոտ, որն էլ ինձ պետք է տար առաջին և երկրորդ տեղեկանքները: Պարզվեց՝ առավոտյան այդ ժամին, իսկ այդ ժամը 9:30-ն էր, արդեն հերթ էր, ճիշտ է` ընդամենը երկու հոգի, բայց կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ բժշկուհին տեղում չէր, դեռ չէր եկել, ավելի ճիշտ այդ պահին գտնվում էր Կոտայքի զինկոմիսարիատում... Կաբինետի մոտ հերթն աստիճանաբար մեծանում էր: Հանկարծ, հավանաբար երկնքից, հրեշտակի թևերով իջավ բժշկուհու քույրը, և նա արդեն մեկ ժամից փոքր-ինչ ավել հերթ կանգնած մարդկանց (այդ թվում` հիվանդներին) ասաց դառը ճշմարտությունը. բժշկուհին, այո, զինկոմիսարիատում է, բայց գալու է ժամը 13:00-ին: Հերթը շարունակում էր մեծանալ, բայց առաջին եկածի դեպքի արտահայտությունը ոչնչով չէր տարբերվում վերջին եկածի դեպքի արտահայտությունից: Բոլորն էլ սպասում էին, մի մասը` հոգեբույժին (ինչպես ես), մի մասը՝ նրան, որ Հայաստանը վերջապես ժողովրդավարական երկիր դառնա, մի մասն էլ` Երկնքի արքայությանը կամ Երկրորդ գալստին, հիշեցնեմ` հերթը հոգեբույժի մոտ էր, այսինքն՝ իրար կողքի կանգնած էին ինչպես հոգեկան խնդիրներ ունեցողները, այնպես էլ հոգեկան խնդիրներ չունենալու մասին տեղեկանք խնդրողներս: Բժշկուհին եկավ ժամը 12:57-ին: Հերթում առաջին սպասողը ժպտաց, հասուն տարիքի տղամարդ էր և անմիջապես կանգնեց դռան մոտ: Երկրորդ սպասողը` մի միջինից բարձր տարիքի կին, խիստ հայացքով նայելով տղամարդուն, ասաց. «Դե մտի»: Ես երբեք չեմ մոռանա տղամարդու պատասխանը և այդ բառերն ասելիս նրա` երկու ժամից ավել սպասած դեպքի կատարյալ հանգստությունը. «Գեղեցիկ չի լինի, տիկին, հիմա բժշկուհին նոր է եկել, հավանաբար փոխվում է, եկեք մի քիչ էլ սպասենք»: Սպասեցինք: Ճիշտ 5 րոպեից բժշկուհին դուրս եկավ սենյակից և, դիմելով մեզ, ասաց. «Ժողովուրդ, ես գլխավորի մոտ եմ գնում, հեսա կգամ»: Ես ուշադիր նայեցի առաջին սպասող տղամարդու դեմքին, այնտեղ կարծես գրված լիներ` գեղեցկությունն ամեն հարցում չէ, որ օգնում է: Սպասեցինք, մոտ 40 րոպե: Հանկարծ սենյակից, կրկին հրեշտակի թևերով, այս անգամ բարի-բարի, ճերմակ-ճերմակ հրեշտակի թևերով դուրս եկավ քույրը: Նա, դիմելով սպասողներիս, ասաց. «Ո՞վ է տեղեկանք ստանալու համար եկել»: Այ քեզ բան, մտածեցի ես` գրեթե բարձր, փաստորեն, մարդիկ հասկացան, որ տեղեկանք ստացողներին կարելի է առանձին ընդունելություն ցուցաբերել, ոչ թե որովհետև նրանք հիվանդ չեն, այլ քանի որ հիվանդներն առանձնահատուկ ուշադրության պետք է դարձվեն: Բնականաբար, ասացի՝ ես, ձայն հանեց մի տղա ևս: Երկուսիցս էլ ուզեց անձնագիր և զինգրքույկ (տարել էի) և մտավ ներս: Սպասեցինք` մոտ 40 րոպե: Բժշկուհին եկավ, դիմելով մեզ՝ նա ասաց. «Կոտորվեցիք չէ՞, ժողովուրդ»: Բոլորս հարցը համարեցինք հռետորական, անգամ նրանք, ովքեր չգիտեն, թե հռետորական հարցն ինչ է: Առաջին սպասողը մտավ: Հինգ րոպե անց դուրս եկավ պոլիկլինիկայի հրեշտակաթև քույրը: Նա նախ տվեց այն մյուս տղայի անձնագիրն ու զինգրքույկը` տեղեկանքով, ապա` իմը: Բայց... որպեսզի տեղեկանքն անցնի, պետք է գնալ պոլիկլինիկայի հիմնական շենք (տվյալ շենքից պետք է դուրս գալ և մի որոշ տեղ քայլել), բարձրանալ երրորդ հարկ` վերելակը միայն ծանր հիվանդների և բուժանձնակազմի համար է, մոտենալ տնօրենի տեղակալին, որպեսզի նա ստորագրի: Ես ու բախտակիցս գնացինք ճիշտ երթուղային տաքսիների վարորդների պես` միմյանց «օբգոն» անելով, որ այնտեղ հերթում առաջ ընկնենք: Խոստովանեմ, նա հաղթեց ինձ: Բայց, փառք Աստծո, տեղակալի մոտ հերթ չկար, և ես արագ մտա, արագ ստորագրեց, բայց... որպեսզի տեղեկանքն անցնի, պետք է նաև, որ ես այն տանեմ Աբովյանի բուժկենտրոնի տնօրենի մոտ, որ նա կնքի: Բուժկենտրոնը նույն պոլիկլինիկայի տարածքում է (ավելի ճիշտ` հակառակը), բայց կրկին պետք է դուրս գալ պոլիկլինիկայի շենքից, ոտքով` այս անգամ ավելի երկար քայլել, բարձրանալ երրորդ հարկ (հիշում եք` վերելակն ում համար է), ձախ անել, ապա` կտրուկ աջ, և ահա դու տնօրենի ընդունարանում ես: Երբ հայտնվեցի այնտեղ, տպավորություն ստացա, որ տնօրենին ոչ ոք չի տեսել` երբեք: Այսինքն՝ բոլորը գիտեն, որ նա կա, որ նրա անունը սկսվում է «Վ» տառով, ազգանունն էլ Մանուկյանն է, բայց ոչ ոք նրան չի տեսել, դուռն այդքան ամուր փակ էր: Ընդունարանի աղջիկը հարցրեց, թե ինչ հարցով եմ, և ժպտաց, բայց ավելի լիաթոք ես ժպտացի, պարզվեց՝ կնիքը նրա մոտ է, կնքողն էլ նա է (բա որ ասում եմ` տնօրենին ոչ ոք չի տեսել...): Կնքեց, և ես կարող եմ ապացուցել, որ հոգեբուժական և նարկոլոգիական հաշվառման կանգնած չեմ եղել և չեմ, չնայած այսքանից հետո գուցե հաշվառվեմ...
Բայց ինձ պետք է մեկ տեղեկանք ևս` տուբերկուլյոզ: Պարզվեց, որ որպեսզի ապացուցես, որ տուբերկուլյոզ չունես, պետք է քո թաղամասի թերապևտը քեզ ուղեգիր տա, որպեսզի ֆուլոգրաֆիա անես: Բայց իմ թաղամասի թերապևտն այսօր աշխատանքի չէր եկել, ավելին` արձակուրդի մեջ է, և ես հասկացա, որ առաջին տեղեկանքիս ուժը կարող է կորել շուտով: Օգնության հասավ գլխավոր բուժքույրը` իրականում պոլիկլինիկայի ամենապատրաստակամ մարդը: Նա ինձ ասաց, որ ուղեգիր կարող եմ ստանալ ցանկացած թերապևտից, միայն թե պետք էր ազատ թերապևտ գտնել: Գտա, կրկին սիրալիր և պատրաստակամ մի բժշկուհու, ում ազգանունը, ցավոք չիմացա: Ուղեգիր տվեց: Բայց... հարցրեց ինձ. «Իսկ ֆուլոգրաֆիան պետպատվե՞ր է, թե՞ վճարովի»: Տրամաբանելով և իմանալով, որ Հայաստանում բուժօգնությունը պոլիկլինիկաներում անվճար է, ես «Ի՞նչ» դեմքի արտահայտությամբ նայեցի բժշկուհուն: Նա կրկնեց հարցը, ես պատասխանեցի, իսկ ինչու պետք է վճարովի լինի: Նա ոչինչ չասաց և խնդրեց, որ միասին գնանք տնօրենի առաջին տեղակալի մոտ, որպեսզի պարզենք: Պարզվեց՝ վճարովի է: Հարցս՝ բա պետպատվեր... Կիսատ թողնելով հարցս` առաջին տեղակալն ասաց. «Պետպատվեր տեղերը վերջացել են: Պետք է վճարեք, շատ չէ` երկու հազար դրամ»: Բժշկուհին գրեց չեկը` պետք է անցնի ֆուլոգրաֆիա, որի դիմաց պետք է վճարի 2000 դրամ, ստորագրեց, կնքեց և տվեց ինձ. «Դե գնա, բայց իմացի, որ քեզ հետ համաձայն եմ, պետք է անվճար լինի»: Ես ինձ զգացի այնպես, ինչպես իրեն զգացել է Վարդան Մամիկոնյանն Ավարայրի ճակատամարտից հետո և խելոք գնացի` վճարելու: Պազվեց` վճարելու տեղը տնօրենի ընդունարանն է (հիշում եք, որ այն շենքից դուրս է` այլ շենքում, երրորդ հարկ): Նորից գնացի, նորից բարևեցի, վճարեցի, չեկը տվեցին, գնացի ֆուլոգրաֆիայի: Թոքերս նկարեց: Ապա, երբ ես արդեն հագնվել էի և պատրաստվում էի վերցնել պատասխանն ու դուրս գալ` շտապելով հակատուբերկուլյուզ տեղեկանքս ստանալու, բժշկուհին ասաց. «Պատասխանը` վաղը»: «Այսինքն, ինչպե՞ս թե վաղը, այսօր ՈՉ ՄԻ ԿԵՐՊ հնարավո՞ր չէ»,- հատուկ շեշտելով ՈՉ ՄԻ ԿԵՐՊ-ը՝ ասացի ես: «Ոչ, այսօր որ տամ, ժապավենը կվնասեմ»,- ասաց բժշկուհին, ես չհամառեցի, մի տեսակ ոչ ուժ կար, ոչ էլ` փող:
Ուրեմն, վաղը ես նորից եմ գնալու Աբովյանի պոլիկլինիկա, որպեսզի ստանամ ֆուլոգրաֆիայիս պտասխանը, որի հիման վրա էլ` տեղեկանք այն մասին, որ ես տուբերկուլյոզ չունեմ և չեմ ունեցել: Իսկ մինչ այդ խնդրում եմ առողջապահության նախարարությանը մարզային պոլիկլինիկաների շենքերը և ոչ միայն շենքերը վերանորոգելուն զուգահեռ վերանորոգել և մաքուր պահել նաև զուգարանները. ամոթ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել