Թերևս, մենք ուրախանալ չգիտենք, իհարկե գիտենք ճոխ սեղաններ գցել ու ճոխ սեղանների շուրջ մեր սոցիալական վատ վիճակից խոսել, բայց իրականում ուրախանալ չգիտենք: Ուրախությունը լավ շրջապատում հայտնվելն է, լավ ու բարի զրուցակիցներ ունենալն է, թեկուզ մեկ գավաթ սուրճ խմելն է հոգեհարազատ մարդու հետ: Գորշությունը գալիս է մեր ներսից, եթե բոլորս գորշ մտքեր ունենանք, ապա եթե նույնիսկ Էյֆելյան աշտարակը լիներ Հայաստանում, ապա մեր աչքին այն կլիներ ընդամենը մետաղյա ջարդոն, շրջապատի իրերին ջերություն է տալիս դրան նայող մարդը: Ես խոսում եմ ամենան լրջությամբ՝ մենք պետք է սովորենք շրջապատին բացասական լիցքեր չտալու մշակույթ, մենք պետք է հասկանանք, որ մեզ շրջապատող օդը սնվում է մեզանից ու մեր մտքերից: Մոտենում են տոները, և Հանրապետության ամբողջ տարածքում որոշակի տոնական տրամադրություն ստեղծվում է, Երևանում, Գյումրիում և մյուս խոշոր քաղաքներում դա շատ է, մյուսներում՝ մի փոքր քիչ, մեզանից յուրաքանչյուրը կարող է իսկապես հանգստանալ, զբոսնել ընտանիքի ու ընկերների հետ, մի փոքր շեղվել արդեն ձևավորված ու, ցավոք, կարծրացող գաղջ մթնոլորտից, ու այդժամ, հավատացնում եմ, ամեն ինչ մեր աչքերում կսկսի դեպի լավը փոխվել: Տարօրինակ թող չհնչի, բայց ինքներս մեզ կազմաքանդում ենք ներսից, պետք է սկսենք դրական մտածել, ոչ թե խոսել կամ գրել, այլ իսկապես մտածել դրական, միտքն է կառուցում ու ղեկավարում աշխարհը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել