Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար: Պատահական չէ, որ ճանապարհի կառուցման հարցում հետաքրքրություններ ունեն նաև մեր հարևան պետությունները: Հյուսիս­-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նպատակը միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան՝ 556 կմ երկարությամբ ճանապարհ կառուցելն է, որը կապելու է երկրի հարավը հյուսիսի հետ՝ Մեղրի-­Երևան-­Բավրա ավտոճանապարհի միջոցով:
Շինարարության ծրագիրը նախատեսվում է ամբողջովին ավարտել 2021 թվականին: Այս պահին շինարարական աշխատանքները շարունակվում են:
Դեկտեմբերի վերջին կամ հունվարի առաջին օրերին ամբողջովին «կահավորված» նախատեսվում է բացել երթևեկությունն Արտաշատից մինչև Աշտարակ հատվածում, որն ընդհանուր առմամբ 34 կիլոմետր է:
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի առանձին հատվածների համար հայտարարաված շինարարական մրցույթներին մասնակցում են նաև տարբեր երկրներից խոշոր կազամակերպություններ: Որպես օրինակ՝ ավտոճանապարհային միջանցքի շինարարության առաջին երկու տրանշներն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունը:
Այս տարի էլ ամփոփելու են տրանշ 3­-ի համար հայտարարված մրցույթները: Կառուցվելու է Թալինից մինչև Գյումրի հատվածը: Գործընթացը երկու մասից է բաղկացած: Առաջինը ֆինանսավորելու է Եվրոպական ներդրումային բանկը: Այդտեղ հաղթել է չինական «Սինո Հիդրո» ընկերությունը, որի հետ կնքվել է պամանագիր դեկտեմբերի սկզբին: Ինչ վերաբերում է երկրորդ հատվածի մրցույթին, ապա դա դեռ ամփոփման փուլում է: 2017թ. կմեկնարկի Տրանշ ­3-­ի՝ Թալինից մինչև Գյումրի հատվածի շինարարությունը:
Ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել