Mikheil Saakashvili-ի և Արսեն Ավակովի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։
Հենց սկզբից զգուշացնեմ, որ գրառումս չի վերաբերում վերջին օրերին այս թեմայի շուրջ «ինտելեկտուալ» բանավեճ ծավալած, հայրենասիրությունը տարբեր միջոցառումներում թմբուկով ու «գինի լիցը» երգելով պայմանավորող ֆեյսբուքահայությանը:
Հիմա բուն թեմայի մասին.
1. Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպն առաջինը նախագահ Պորոշենկոյի անկարողության արդյունքն էր: Երկրի նախագահի ներկայությամբ նմանատիպ պահվածք դրսևորելը խոսում է միայն նախագահի թուլության մասին:
2. Սաակաշվիլու ներկայությունը հակակոռուպցիոն հանձնաժողովում չի կարող հանդուրժելի լինել մի քանի հարյուր միլիոնների հասնող ունեցվածք ունեցող նախարարի և առավել ևս վարչապետի համար: Թե՛ Ավակովը, թե՛ Յացենյուկը բավականին պատկառելի հարստություն են կուտակել և, բնականաբար, ոչ արդար ճանապարհով:
3. Սաակաշվիլին Օդեսայում պատերազմ է հայտարարել կոռուպցիային, և այն արդյունքները, որոնք նա արդեն գրանցել է Օդեսայում, մի քանի անգամ ավելի արժեքավոր են, քան ողջ կառավարության գրանցած արդյունքները:
4. Յացենյուկն իր կառավարությամբ փորձում է հնարավորինս խոչընդոտել Սաակաշվիլու գործունեությունը: Մասնավորապես, արդեն երկար ժամանակ է՝ Յացենյուկը մերժում է Սաակաշվիլու՝ մաքսային և հարկային ծառայություններն էլեկտրոնային դարձնելու առաջարկը, մնացած մարզերում մաքսազերծման գները Յացենյուկի ցուցումով ավելի ցածր են, քան Օդեսայում, և այդ ամենն արվում է միայն ու միայն Սաակաշվիլու գործունեությունը խոչընդոտելու համար:
5. Շատ կարևոր է նաև հստակ արձանագրել, որ Յացենյուկի և Ավակովի քաղաքական կարիերան առանձին-առանձին կամ նույնիսկ միասին վերցրած մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ արժեքավոր է, քան Սաակաշվիլու անցածը: Համեմատության համար կարելի է նշել միայն մեկ փաստ՝ Սաակաշվիլին այն բացառիկ գործիչն է, ով իր ղեկավարման ընթացքում կարողացավ ռուսական ազդեցությունից ազատել Վրաստանն ու 11 անգամ ավելացնել երկրի բյուջեն, իսկ ժողովրդավարության մակարդակի առումով հատկանշական է այն բացարձակ ճշմարտությունը, որ Սաակաշվիլու իշխանության օրոք Վրաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որտեղ իշխանություն է փոխվել ընտրությունների միջոցով:
Այսպիսով, տեղի ունեցած միջադեպն արտացոլեց վերջին շրջանում Ուկրաինայի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակը: Մի կողմից գործ ունենք ամբողջությամբ կոռումպացված կառավարության հետ, մյուս կողմից՝ հակակոռուպցիոն գործողությունների ամբիցիաներ ունեցող Օդեսայի նահանգապետի և ինչ-որ տեղ նաև նախագահի հետ: Այս կոնֆլիկտի հանգուցալուծումը հնարավոր է միայն կողմերից մեկի՝ քաղաքական ասպարեզից հեռանալու պարագայում, իսկ թե ով կլինի հեռացողը, ժամանակը ցույց կտա: Իմ սուբյեկտիվ կարծիքով, կարճ ժամանակահատվածում Միխեիլ Սաակաշվիլին կնշանակվի Ուկրաինայի վարչապետ, իսկ թե ինչ եղանակով՝ պարզ կլինի ավելի ուշ, համենայն դեպս, այսօր Սաակաշվիլու հեղինակությունն Ուկրաինայում մի քանի անգամ ավելի բարձր է, քան Յացենյուկինն ու առավել ևս Ավակովինը:
Հ.Գ. Ավակով-Սաակաշվիլի կոնֆլիկտը Մասիս սարի գագաթներից դիտարկող ու տարբեր միջոցառումների ընթացքում շուն Թալեաթի պոռնիկ մորը լուր ուղարկող իսկակա՛ն խայռենասերներ, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք իմ՝ «օտարամոլիս» սուբյեկտիվ կարծիքին և հավատացե՛ք՝ սա «ազգային արժանապատվության» հարց չէ: Հա, մեկ էլ մի բան՝ քաղաքակիրթ աշխարհում արդեն վաղուց ոչ թե ազգությունն են կարևորում, այլ քաղաքացիությունը: Մինչև նոր «ազգային-ազատագրական հանդիպում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել