Մերձավոր Արևելքում կա ճամբարների բաժանման հետևյալ տրամաբանությունը` շիաներն ընդդեմ սուննիների: Զուգահեռաբար ուրվագծվում է մյուս բաժանումը` թյուրքական աշխարհ և մյուսները:
Այս երկու բաժանումների հատույթում կան երկու ժողովուրդներ, որոնց դժվար ընտրության առաջ են հայտնվել: Դրանք ադրբեջանցիներն են և քրդերը:
Քրդերը հիմնականում սուննիներ են, սակայն նրանց շահերը հակասում են մնացած սուննիների շահերին: Մյուս կողմից իրենք խորթ են նաև արաբական և թյուրքական «աշխարհների» համար: Քրդերը դուրս են մնում այդ հատույթներից, ինչն իրենց և՛ թույլ, և՛ ուժեղ կողմն է: Թույլ կողմն է, որովհետև իսլամական աշխարհում դաշնակիցներ չունեն, ուժեղ կողմն է, որովհետև հենց այդ պատճառով վստահելի են Արևմուտքի և Իսրայելի համար. կարող են դառնալ հուսալի դաշնակից:
Մյուս ժողովուրդը, որը երկընտրանքի առաջ է կանգնած, ադրբեջանցիներն են: Մի կողմից՝ հիմնականում շիաներ են և պետք է լինեին Իրանի ճամբարում, սակայն նրանց շահերը ճիշտ հակառակն են: Մյուս կողմից էլ թյուրքական ժողովուրդ են, սակայն սուննի չեն և կրոնական գործոնի ուժեղացման դեպքում խնդիրների առաջ են հայտնվելու: Իսկ ամենավատ տարբերակն այն է, որ այդ խնդիրներն առաջանալու են ոչ թե արտաքին ոլորտում, այլ ներքին, որը կարող է քաղաքացիական առճակատման պատճառ հանդիսանալ: Առաջին ծիծեռնակներն արդեն երևացել են Նարդարանի և Լենքորանի դեպքերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել