Սահմանադրությունը փոխվեց: Եթե արտակարգ որևէ բան տեղի չունենա, ապա առնվազն 2017-18թ-ից մենք կունենանք նոր պետական կառավարման համակարգ: Խորհրդարանական նախատեսվող նոր ընտրությունների արդյունքում անցում կկատարենք խորհրդարանական կառավարման համակարգի: Սակայն մինչ դա ՀՀ օրենսդիրն ու գործադիրն օրենքների ադապտացման, նոր նորմերի մշակման ահռելի գործընթաց ունեն իրականացնելու: Այնպես որ, Սահմանադրությունը փոփոխելով՝ գործընթացը միայն մեկնարկեց: Հավանաբար կփոփոխվեն ընտրական ու գրեթե մյուս բոլոր օրենսգրքերը, միգուցե նաև կառավարության կառուցվածքն ու ԱԺ կանոնակարգը սահմանող իրավական նորմերը: Մի խոսքով, օրենսդրական գրեթե ողջ դաշտը կվերափոխվի:

Սահմանադրական փոփոխությունները բացի իշխանական ուղղահայացի լիազորությունների ու պարտավորությունների տիրույթները սահմանելուց, նոր քաղաքական խաղի կանոներ ու քաղաքական պայքարի վերջնարդյունք սահմանեցին. հետայսու իշխանության համար ՀՀ-ում քաղ. ուժերի պայքարը ԱԺ 101 մանդատի համար պայքար է: Սա ավելի քիչ է, քան նախորդ մոդելի Պառլամենտում (131), ուստի ենթադրվում է, որ բացարձակ համամասնական ընտրակարգի ներդրման արդյունքում կուսակցությունները «կատաղի» պայքար են մղելու մանդատների համար: Սա, մի կողմից, ավելացնում է ներկայացուցչականության ու կուսակցական խոշորացման գործընթացները, մյուս կողմից՝ «պարտադրում» ՀՀ-ում գործող կուսակցություններին լինել առավել պրագմատիկ, պրոֆեսիոնալ ու ռացիոնալ ռազմավարության կրող ընտրության հարցում: Նոր պայմաններում գործնականում հնարավորություն է ստեղծվել, որ կուսակցական խոշորացման արդյունքում ընդդիմադիրները համեմատաբար առավել մեծ հնարավորություններ ունենան մտնելու ԱԺ:
Ձևավորված խաղի նոր կանոնների պայմաններում հին ու նոր կուսակցությունները պետք է վերաադապտացվեն ու որդեգրեն իրենց համար հասանելի, օրենքի՝ տեսանկյունից ընդունելի, իսկ հասարակության ընկալումներում՝ ըմբռնելի ռազմավարություններ: Դիմադիր դաշտն օբյեկտիվորեն (ռեսուրսների, ընտրած ռազմավարության, տեղերում իրականացվող աշխատանքի հանգամանքների զորու) «կապիտուլացրել» է «Հանրապետականը»: Լինելով նոր Սահմանադրության կողմնակից կուսակցություն՝ նա փորձելու է պահպանել իր դոմինանտ դերը նոր ձևավորվելիք ԱԺ-ում: Նրանից այս առումով հետ չի մնում վերջին տարիներին ընդդիմադիր դարձած ՀՅԴ-ն, որը, լինելով կողմ խաղի նոր կանոններին, նույնպես մեծ ու ինչ-որ առումով ընկալելի հավակնություններ ունի ԱԺ մտնելու առումով: Չի բացառվում նաև, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն գալիք ընտրություններին կարող են և «միացյալ ֆրոնտով» մտնել ընտրապայքարի մեջ: Չնայած այդ մասին դեռ բավական շուտ է խոսել:
ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հետ երբեմնի քաղաքական կոալիցիայի անդամ «ՕԵԿ»-ը, որը վերադիրքավորման ու ռեբրենդինգի գործընթացքում է, նույնպես ինչ-որ հավակնություններ ունի՝ հույսը հավանաբար դնելով իր լիդերի քաղաքական կերպարի վրա: Սակայն այսօր ՕԵԿ-ի նկատմամբ հանրային ընկալումը միանշանակ չէ. այն ընդգծված փոփոխվել է դեպի նեգատիվ տիրույթ: Եթե ՀՀԿ-ի հետ նրանք քաղաքական համաձայնության գան և իրենց դրսևորեն կոնսենսուալ տիրույթում, ապա միգուցե կկարողանան սահմանափակ քանակով ներկայացված լինել ԱԺ-ում (ասենք՝ ՀՀԿ-ի հետ համատեղ ցուցակով): ՕԵԿ-ն այսօրվա իրավիճակը բավական լավ հասկանում է, ուստի չի բացառվում, որ նա քաղաքական դաշտի ծանր քաշայինի հետ գնա «քաղաքական գործարքի» կամ փորձի նոր ձևավորվող կուսակցություններից մեկի հետ դաշինքով գնալ ընտրություններին:
«Ընդդիմադիրների կնքահայր» իրեն համարող ՀԱԿ-ը, որ լավագույն օրեր չի ապրում այսօր, հավանաբար «Առաջին նախագահի» կերպարի և ընդհանուր պրոտեստային տիրույթի վրա խաղալով փորձելու է իր՝ թերևս համեստ քաղաքական տեղը գտնել նոր ԱԺ-ում: ՀԱԿ-ը կայուն ընդդիմադիրների ու պրոտեստային ընտրազանգվածի համար պայքարում ունենալու է մի շարք մրցակիցներ, ովքեր քաղ. համակարգի ընդդիմադիր տիրույթում արդեն այսօր ուրվագծում են իրենց ընդգծված հավակնությունները. մասնավորապես՝ Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրը» և շատ մեծ վերապահումով նաև Զ.Սեֆիլյանի «կուսակցությունը»:
«Ժառանգությունն», օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքերի զորու, տարիներ շարունակ սպառելով իր քաղաքական կապիտալը, հավանաբար տեղ չի գտնի եկող ԱԺ-ում: Նրա լիդերի՝ տարիներ շարունակ ընտրած ինքնաոչնչացմած քաղաքական կուրսը, թերևս, կդատապարտի կուսակցությանն անհաջողության:
Մինչ առաջիկա ԱԺ ընտրությունները, ինչպես նաև արդեն այսօր ՀՀ քաղաքական դաշտում ձևավորվում են նոր կուսակցություններ ու քաղաքական ուժեր («Լուսավոր Հայաստան» և այլք), ովքեր փորձելու են այս կարճ հատվածում արժանանալ հանրային աջակցության: Իհարկե, դա բարդ գործ է, բայց դե փորձել ամեն դեպքում պետք է: Դիցուկ՝ որոշ գործարարներ այդ մասին արդեն հայտնել են, իրականացնում են որոշակի քաղկազմակերպչական աշխատանքներ: Սակայն քաղաքական իրատեսականության առումով ձևավորվելիք նոր կուսակցությունները հավանաբար ընտրությունների կգնան կամ հիների հետ փոքր դաշինքերով, կամ նորերի հետ լայն դաշինքերով: Դաշինքներով գնալու «պայման»-ը գործնականում «պարտադրում» է ԱԺ-ի մանդատների փոքր թիվը: Իսկ դա նշանակում է, որ գալիք ընտրությունները ՀՀ-ում լինելու են գերլարված:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որը վերապահումով կարող է դիտվել որպես կուսակցություն (քաղաքագիտական ձևակերպմամբ գործնականում այն ավելի շուտ «շահերի ու ճնշման խումբ» է), ապա նրա քաղաքական ճակատագիրը հավանաբար կախված կլինի մինչ գալիք ընտրությունները տեղի գտած մի շարք գործընթացներից:
Հիմք ընդունելով այսօրվա քաղաքական ներկապնակը՝ ներկայացվող դիտարկումները փորձ էին ինչ-որ առումով ուրվագծել/կանխատեսել առաջիկա ԱԺ-ում ուժային դասավորումները: Կանխատեսումները սովորաբար անշնորհակալ ու ռիսկային գործ են: Մինչ առաջիկա Աժ ընտրությունները հավանաբար բավական դիրքային փոփոխություններ տեղի կունենան, որոնք ուղղակիորեն կանդրադառնան մի շարք կուսակցությունների հետագա ճակատագրերի և անգամ գոյության վրա: Դրանք պետության, քաղաքական համակարգի, ժողովրդավարացման գործընթացներում ինչպիսի՝ դրակա՞ն, թե՞ բացասական անդրադարձ կունենան, այս պահին դժվար է ասել: Սակայն մեկ բան արդեն այսօր հստակ է. առաջիկա ընտրություններում ընդդիմադիր սեգմենտում կունենանք նոր խաղացողներ, ովքեր, եթե լինեն բավարար շրջահայաց ու կամային, կարող են լուրջ դերակատարում ունենալ երկրի ապագա իշխանությունների կերտման գործընթացում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել